3-ամյա աղջիկը ողջ է մնացել կարի ասեղը գլխի մեջ թափանցելուց հետո

15:52   14 նոյեմբերի, 2019

ԱՄՆ Յուտա նահանգից 3-ամյա աղջիկը ողջ է մնացել կարի ասեղը գլխի մեջ թափանցելուց հետո:

Daily Mail պարբերականը հայտնում է, որ աղջիկն այդ օրը խաղում էր հարեւանների տանը. նա ցատկում էր մահճակալի վրա եւ պատկերացնում, թե կարի հսկա ասեղը կախարդական փայտիկ է: Հանկարծ նա սայթաքել է եւ ընկել հատակին, իսկ ասեղն անցել է բերանի միջով, մյուս ծայրն էլ դուրս եկել գլխից:

Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կատարել են համակարգչային տոմոգրաֆիա: Պատկերներում երեւում էր, որ ասեղը հասել է ուղեղի կենտրոնին՝ անցնելով  հիպոֆիզի եւ թալամուսի միջով: Նա, սակայն, հրաշքով չէր վնասել կենսականորեն կարեւոր կառույցները, ուստի բժիշկները կարողացել են ասեղը հաջողությամբ հանել: Բժիշկները խոստովանել են, որ նման բան չէին տեսել, եւ աղջկան անվանել են «աշխարհում ամենահաջողակը»:

Պաշտպանական ողնուղեղային հեղուկը դուրս էր գալիս երեխայի քթից, իսկ դրա արտահոսքը կանխելու համար 8 օրով դրենաժ է դրվել:

Հիվանդանոցում լինելու ժամանակ աղջիկը հիվանդացել է կյանքին սպառնացող բակտերիալ մենինգիտով, սակայն նրա առողջությունը ժամանակի ընթացքում վերականգնվել է, եւ նրան 2 շաբաթ հետո հիվանդանոցից դուրս են գրել:

Աղջկա ծնողներին զգուշացրել են, որ հետագայում բարդություններից խուսափելու համար նրա գլխի մասին պետք է հոգ տանել:

Լուսանկարը՝ International Journal of Pediatric Otorhinolaryngology Case Reports-ի



© NEWS.am Medicine