Գիտնականները հայտնաբերել են շաքարի օգտագործման եւս մեկ վտանգ

16:44   15 նոյեմբերի, 2019

Եթե մարդն ավելացնում է շաքարի օգտագործումը, դա բարձրացնում է աղեհամակարգի բորբոքային հիվանդությունների առաջացման ռիսկը, պարզել են Ալբերտայի համալսարանի գիտնականները։

Նրանք հետազոտություն են իրականացրել կրծողների վրա, որոնց բաժանել են երկու խմբի. առաջինում կրծողներին պահել են սովորական կերակրով, իսկ մյուս խմբին կրծողներին 2 օր տվել են 50 տոկոսով սախարոզից բաղկացած կեր։

Այնուհետեւ  բոլոր կենդանիների մոտ առաջ են բերել կոլիտ՝ նատրիումի դեքստրան սուլֆատի օգնությամբ։ Պարզվել է, որ երկրորդ խմբի կրծողների մոտ աղիքային հյուսվածքներն ավելի շատ են վնասված եղել եւ իմունային պատասխանն ավելի անոմալ է եղել առաջին խմբի կրծողների համեմատ։

Գիտնականների խոսքով՝ սննդաբաժնի անգամ աննշան եւ ոչ երկարատեւ փոփոխության եւ դրանում շաքարի քանակի ավելացման դեպքում կարող են առաջանալ արդեն առկա բորբոքային հիվանդությունների սրացման ախտանշաններ։

Բանը աղեհամակարգի միկրոֆլորան է. բջջանյութով հարուստ մթերքները նպաստում են օգտակար մանրէների աճին։ Դրանք առաջ են բերում կարճ շղթայական ճարպաթթուներ եւ կարեւոր են արդյունավետ իմունային պատասխանի համար։ Իսկ ահա շաքարի բարձր պարունակությամբ մթերքները եւ բջջանյութի քիչ սպառումը հանգեցնում են վնասակար մանրէների առաջացման՝ կապված բորբոքումների հետ։



© NEWS.am Medicine