Ի՞նչն է տարբերում երկարակյացներին մնացած բոլոր մարդկանցից

23:47   16 նոյեմբերի, 2019

Համարվում է, որ առողջ կենսակերպն ավելացնում է կյանքի եւ որ գլխավորն է՝ առողջ կյանքի տեւողությունը։ Բայց բոլոր երկարակյացները չէ, որ հետեւում են առողջ ապրելակերպի կանոններին, նրանցից ոմանք միանգամայն անառողջ սովորություններ ունեն։ Ուրեմն, ի՞նչն է նրանց երկարակյաց դարձնում։ Հարցի պատասխանը փորձել են գտնել RIKEN կենտրոնի եւ Կեյոյի (Ճապոնիա) համալսարանի մասնագետները։

Նրանք վերլուծել են մարդկանց ԴՆԹ-ն, որոնց տարիքը գերազանցել է 110 տարին, եւ պարզվել է, որ երկարակյացների մոտ անոմալ են արյան սպիտակ բջիջները. նրանց իմունիտետն ավելի արդյունավետ է աշխատում՝ հետ մղելով վիրուսների ու մանրէների հարձակումները եւ պայքարելով քաղցկեղի դեմ։

Ինչպես գրում է The Daily Mail-ը, մասնագետները հավաքել են տարեց կամավորների 41 հազար 208 բջիջ։ 110-ից բարձր տարիքի մարդկանց հիմնական տարբերությունը, ինչպես ցույց է տվել վերլուծությունը, իմունային CD4 Т-բջիջների աշխատանքն է եղել։ Երկարակյացների մոտ այդ բջիջներն ավելին են եղել, եւ իրենք՝ բջիջներն էլ սովորականից ավելի մահաբեր են եղել։

Նորմայում CD4 T-բջիջներն օգնում են մյուս իմունային բջիջներին զերծ մնալ վարակից։ Բայց երկարակյացների մոտ այդ բջիջներն ինքնին որոնում եւ քայքայում են ախտածին տարրերը։



© NEWS.am Medicine