Ինչպե՞ս կանխել ժամանակից շուտ կնճիռների առաջացումը. մաշկաբանի խորհուրդներ

18:40   18 նոյեմբերի, 2019

Որպեսզի մաշկը պահպանի երիտասարդությունը, անհրաժեշտ է հետեւել մի քանի պարզ կանոնների՝ չծխել, լինել ֆիզիկապես ակտիվ եւ մաշկը խոնավեցնել քսուքների օգնությամբ ու կանոնավորապես բավականաչափ ջուր խմելու միջոցով։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել մաշկաբան Կարեն Հովսեփյանը։

Մասնագետի խոսքով՝ վերջին տարիներին ժամանակակից բժշկությունը ավելի մեծ ուշադրություն է նվիրում ջրի կարեւորությանն օրգանիզմի համար. ավելի մեծ թվով հետազոտություններ են հաստատում, որ եթե չկան հակացուցումներ (օրինակ՝ սրտի որոշ խնդիրներ), անհրաժեշտ է բավականաչափ ջուր խմել օրվա ընթացքում։

Ջուրը, մասնագետի խոսքով, իսկապես օգնում է խոնավեցնել մաշկը «ներսից», իսկ խոնավեցնող քսուքները (որոնք ցանկալի է ընտրել ըստ մաշկի տեսակի)՝ դրսից։ Լավ խոնավեցված մաշկը ավելի դանդաղ է կորցնում ձգությունը տարիքի հետ եւ ավելի երկար է պահպանում երիտասարդությունը։

«Օրվա ընթացքում շատ կարեւոր է բավականաչափ ջուր խմել, դա մաքրում է ե՛ւ օրգանիզմը, ե՛ւ օգնում է ազատվել ավելորդ քաշից, ե՛ւ նպաստում է մաշկի խոնավեցմանը, ե՛ւ կանխում է ժամանակից շուտ կնճիռների առաջացումը»,- ասաց մաշկաբանը։

Նրա խոսքով՝ դեմքին կնճիռների առաջացումը, իհարկե, հիմնականում կախված է գենետիկայից եւ կլիմայական պայմաններից, բայց եւ կենսակերպը նույնպես մեծ դեր է խաղում. վնասակար սովորություններն արագացնում են մաշկի ծերացումը եւ կնճիռների գոյացումը, իսկ առողջ ապրելակերպը, ընդհակառակը, դանդաղեցնում է այդ գործընթացները եւ օգնում պահպանել մաշկը երիտասարդ ու գեղեցիկ։

«Եթե մարդը չի ծխում, կանոնավորապես ջուր է խմում, օգտվում է խոնավեցնող քսուքներից, նա միանշանակ դանդաղ կծերանա, ե՛ւ մաշկը, ե՛ւ ամբողջ օրգանիզմը, ե՛ւ սիրտ-անոթային համակարգը, ե՛ւ անգամ ուղեղը»,- ասաց մասնագետը։



© NEWS.am Medicine