Տիեզերական երկարատեւ թռիչքները մահացու վտանգավոր կարող են լինել․ գիտնականներ

20:36   18 նոյեմբերի, 2019

Տիեզերական երկարատեւ թռիչքները մահացու վտանգավոր կարող են լինել տիեզերագնացների առողջության համար, ինչպես հաստատում է գիտնականների միջազգային խումբը։ Մասնավորապես, միկրոգրավիտացիան առաջացնում է ներքին արյունադարձ երակների խախտում։

Science Alert թերթը հայտնում է, որ մասնագետները հետազոտել են 11 տիեզերագնացների, որոնք եղել են ՏՄԿ-ում։ Պարզվել է, որ անկշռելիության մեջ 50 օր գտնվելու ընթացքում արյունադարձ երակում առաջանում է խցանում եւ արյան հետադարձ հոսք։ Կայանում անձնակազմի անդամներից մեկի գտնվելու ժամանակ նրա մոտ առաջացել էր տրոմբոզ եւ երակի խցանում, որն առաջին անգամ էր արտահայտվում տիեզերական թռիչքի ընթացքում։ Մինչեւ առաքելության ավարտը տիեզերագնացը ստիպված էր բուժվել հակամակարդիչներով։  

Գիտնականների խոսքերով, միկրոգրավիտացիան նպաստում է դեպի գլուխը արյան եւ հյուսվածքային հեղուկի քրոնիկ արտահոսքին, եւ հայտնի չէ, թե ինչպես է դա ազդում ուղեղի արյան շրջանառության վրա երկարաժամկետ հեռանկարում։ Ուժեղանում է դեմքի այտուցվածությունը, մեծանում է սրտի մեջ շրջանառվող արյան ծավալը, ինչպես նաեւ նվազում է պլազմայի ծավալը։

Թեեւ դեռեւս հայտնի չէ, թե ինչպիսին կարող են լինել տիեզերագնացների առողջության համար հետեւանքները, հետազոտողները մտավախություն ունեն, որ անկշռելիությունը կարող է հանգեցնել կյանքի համար վտանգավոր վիճակների։ Սակայն դրանում համոզվելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։



© NEWS.am Medicine