Գիտնականները նոր դեղամիջոց են ստեղծել այն հիվանդության դեմ, որի ժամանակ ծերանում են դեռահաս տարիքում

23:49   18 նոյեմբերի, 2019

Շվեդիայից եւ Իտալիայից գիտնականների միջազգային խումբը մշակել է նոր, պոտենցիալ արդյունավետ միջոց պրոգերիայի դեմ՝ ժառանգական հիվանդություն, որի ժամանակ տեղի է ունենում արագ վաղաժամ ծերացում։ Այդ դեղամիջոցը, հնարավոր է, կարելի լինի օգտգործել նաեւ առողջ մարդկանց երիտասարդությունը երկարաձգելու համար։

Ինչպես հայտնում է EurekAlert!-ի մամուլի հաղորդագրությունը, հետազոտության ընթացքում մասնագետները օգտագործել են պրոգերիայով երեխաներից վերցված բջիջների նմուշներ։ Ինչպես պարզվել է, հիվանդությունը առաջանում է տելոմերների ֆունկցիայի խախտման պատճառով։ Տելոմերները գտնվում են քրոմոսոմների ծայրերին  եւ կրկնօրինակման ժամանակ պաշտպանում են ԴՆԹ-ն վնասվելուց։ Բացի այդ, կուտակվում է տելոմերային չկոդավորող ՌՆԹ, որը մասնակցում է պաթոլոգիական գործընթացին։

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, գիտնականները սինթեզել են հակաիմաստային օլիգոնուկլեոտիդներ՝ կարճ շղթաներ նուկլեոտիդներից, որոնք ամրանում են ՌՆԹ-ի մոլեկուլներին եւ ճնշում նրանց ակտիվությունը։ ՌՆԹ-ի տելոմերային չկոդավորող մոլեկուլների արգելակումը թույլ է տվել բջիջներին նորմալ բաժանվել։

Մկների մոտ, որոնք հիվանդ են եղել պրոգերիայի տեսակով, հակաիմաստային թերապիան թույլ է տվել մեծացնել ինչպես կյանքի առավելագույն (մինչեւ 44%), այնպես էլ միջին (մինչեւ 24%) տեւողությունը։

Սրանք տպավորիչ եւ խոստումնալից արդյունքներ են, եւ գիտնականների խոսքերով՝ ապագայում նման մոտեցումը կարելի կլինի օգտագործել պացիենտների վիճակի լավացման եւ նրանց կյանքը երկարաձգելու համար։



© NEWS.am Medicine