Հազվագյուտ հիվանդության պատճառով տղամարդու աչքը նմանվել է Սաուրոնի աչքի

21:13   19 նոյեմբերի, 2019

Ամերիկյան Տեխաս նահանգի ակնաբուժական կլինիկայի բժիշկները 44-ամյա պացիենտի մոտ հայտնաբերել են պիգմենտի դիսպերսիայի համախտանիշ՝ ծիածանաթաղանթի տրանսիլյումինացիայի դեֆեկտներով։ Սա հազվագյուտ ժառանգական հիվանդություն է, որի պատճառով աչքը նմանվում է «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարից Սաուրոնի աչքին։

Speciality Medical Dialogues-ը հայտնում է, որ պացիենտը կլինիկա է եկել, որպեսզի տեղափոխվելուց հետո հաշվառվի։ Այդ ժամանակ էլ բժիշկները հայտնաբերել են պիգմենտի դիսպերսիայի համախտանիշ՝ ծիածանաթաղանթի տրանսիլյումինացիայի դեֆեկտներով։

Այս համախտանիշի դեպքում ծիածանաթաղանթը գունավորող պիգմենտն առանձնանում է եւ տեղափոխվում է աչքի այլ մասեր։ Պիգմենտի բջիջները կարող են փակել դրենաժը եւ հանգեցնել ներակնային ճնշման հետ կապված խնդիրների, որոնք էլ կարող են այլ լուրջ խնդիրներ, այդ թվում գլաուկոմա առաջացնել։

Տղամարդը պատմել է, որ իր ընտանիքի անդամները տառապել են գլաուկոմայով։ Նախկինում նա դեղամիջոցներ է ընդունել, որոնք բժիշկը նշանակել է աչքի ներքին ճնշման բարձրացման դեմ։

Լուսանկարը՝ speciality.medicaldialogues.in

 



© NEWS.am Medicine