Վեգան ծնողների 1,5 տարեկան որդին մահացել է հյուծվելուց․ նրան միայն հում մրգերով եւ բանջարեղենով են կերակրել

20:05   19 նոյեմբերի, 2019

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում ձերբակալել են վեգան ծնողների, որոնք սովի են մատնել իրենց 1,5 տարեկան երեխային։

New York Post-ը հայտնում է, որ 2019թ․ սեպտեմբերի վերջին 35-ամյա Շեյլա Օ՛Լիրին զանգահարել է արտակարգ ծառայություններին եւ հայտնել, որ իր որդին չի շնչում եւ նրա մաշկը շատ սառն է։ Նրա ամուսին Ռայանը փորձել է վերակենդանացնել երեխային, սակայն ապարդյուն։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արձանագրել են երեխայի մահը։

Շեյլան փրկարարներին պատմել է, որ իրենց ընտանիքը վեգանական խիստ դիետա է պահել՝ բոլոր չորս երեխաները կերել են միայն հում բանջարեղեն եւ մրգեր։ Նա նաեւ պատմել է, որ վերջին շաբաթը մահացած երեխան հրաժարվել է սննդից եւ միայն կրծքի կաթ է կերել։ Մորը թվացել է, թե դա կապված է ատամներ հանելու հետ։ Մասնագետները, սակայն արձանագրել են, որ երեխան հյուծված է եղել՝ նրա քաշն ընդամենը 7,7 կգ է եղել, որը 7 ամսական երեխայի միջին քաշ է, սակայն ոչ 1,5 տարեկանի։

Նոյեմբերի 6-ին բժշկական փորձաքննությունը հաստատել է, որ երեխան մահացել է հյուծվելու պատճառով։ Այդ զույգի մյուս երկու երեխաների մոտ նույնպես կիսաքաղցության ախտանշաններ են գտել, նրանցից մեկի մի քանի ատամները բացակայել են։ Ամենաառողջը եղել է երրորդ երեխան՝ ուրիշ հորից, նա պարբերաբար հյուրընկալվել է իր հոր տանը եւ այնտեղ լիարժեք սնվել է։

Ծնողներին երեխայի հանդեպ պարտավորությունները չկատարելու եւ չկանխամտածված սպանության մեղադրանքներ են առաջադրվել։ Զույգին կալանավորել են, դատը նշանակված է դեկտեմբերի սկզբին։

Լուսանկարը՝ Lee County Sheriff's Office-ի

 

 



© NEWS.am Medicine