Գենետիկ մոդիֆիկացված երեխաներ. կողմ եւ դեմ

12:07   20 նոյեմբերի, 2019

Գենետիկ մոդիֆիկացված երեխաները «չափազանց ցանկալի» են մարդկանց հիվանդություններից պաշտպանելու համար եւ կարող են ստեղծվել 2 տարվա ընթացքում, տեղեկացնում է CNN-ը՝ հղում կատարելով Շոտլանդիայի Աբերտայ համալսարանի բիոէթիկ Քեւին Սմիթի հոդվածին, որը հրապարակվել է Bioethics ամսագրում։

Գենետիկ խմբագրումը ներկայում այնքան ցածր ռիսկ է պարունակում, որ կարելի է օգտագործել մարդկային սաղմերում, կարծում է հեղինակը։

Այս մեթոդի կողմնակիցները ցանկանում են փոխել սաղմերի գենետիկ կառուցվածքը, որպեսզի կանխեն գեների հետ կապված հիվանդությունների փոխանցումը։ Սակայն այդ գործելակերպը չափազանց հակասական է, քանի որ երկյուղներ կան, թե այն կարելի է օգտագործել «դիզայներական երեխաներ» ստեղծելու համար, որոնց գեները կխմբագրվեն ոչ թերապեւտիկ նպատակներով։

2018 թվականի նոյեմբերին չինացի գիտնական Հե Ցզյանկույը զայրույթ առաջացրեց՝ հայտարարելով, որ ստեղծել է աշխարհում առաջին գենետիկ մոդիֆիկացված երեխաներին սաղմերից, որոնք փոփոխվել են ՄԻԱՎ-ի հանդեպ դրանց կայունություն հաղորդելու համար։

Սակայն Սմիթը կարծում է, որ դրանց ստեղծումը էթիկական առումով արդարացված է։

Սմիթի խոսքով՝ «ուտիլիտար տեսանկյունից գենետիկ մոդիֆիկացիան սաղմում հիվանդությունների հետ կապված բազմաթիվ գեների դեմ պայքարի միակ իմաստ ունեցող միջոցն է»։ Նա կարծում է, որ գենետիկ մոդիֆիկացիան թույլ կտա բժիշկներին պաշտպանել ապագա մարդկանց սիրտ-անոթային հիվանդություններից, քաղցկեղից եւ դեմենցիայից, ինչպես նաեւ տարածված այլ հիվանդություններից։

«Եթե գենետիկ մոդիֆիկացված մարդիկ կարող են խուսափել կամ հետաձգել տարածված մի քանի հիվանդություններ, ապա կյանքի միջին տեւողությունն առանց հիվանդությունների կարող է էապես ավելանալ»,- նշել է նա։

Սմիթը խորհուրդ է տալիս հետաձգել գենետիկ մոդիֆիկացիայի ծրագրերը, որովհետեւ այժմ «հասարակությունը զգալի չափով դեմ է գենետիկ մոդիֆիկացված մարդկանց»։ Անուամենայնիվ, նա կարծում է, որ գենետիկ մոդիֆիկացված երեխաներ ստեղծելու էթիկական փորձը կարող է 2 տարուց քիչ տեւել։

Նրա աշխատանքը ենթարկվել է քննադատության ոլորտի այլ փորձագետների կողմից, որոնք մատնանշում են, որ գեների խմբագրման ռիսկերը դեռեւս ուսումնասիրվում են։

«Ես չեմ հավատում, որ գոյություն ունեն համարժեք փորձեր, որոնք «կապացուցեն», որ այս տեխնոլոգիան անվտանգ է,- ասել է Լոնդոնի Համալսարանական քոլեջի Կանանց առողջության ինստիտուտից Ջոյս Հարփերը։- Ուստի, մենք պետք է զգույշ գործենք»։

Հարփերն ընդգծում է, որ գեների խմբագրումը հսկայական պոտենցիալ ունի, բայց ցանկանում է, որպեսզի «հանրային բանակռիվները եւ օրենսդրությունը երաշխավորեն, որ մենք մանրազնին ստեղծել ենք դա»։

Progress կրթական տրաստի (PET, կազմակերպություն, որն աշխատում է հասարակությունում գենետիկայի ընկալման բարելավման ուղղությամբ) տնօրեն Սառա Նորկրոսը Սմիթի վերլուծությունն անվանել է «սխալական»։

Նորկրոսն ընդգծում է, որ հասարակությունը կարող է չփոխել իր կարծիքը գենետիկ մոդիֆիկացված երեխաների մասին, եւ անհրաժեշտ է ավելի շատ աշխատել տեխնոլոգիայի հետ կապված ռիսկերը հասկանալու համար։



© NEWS.am Medicine