Աուտոֆագիան կօգնի շաքարային դիաբետի դեպքում

13:10   20 նոյեմբերի, 2019

Շաքարային դիաբետով շատ պացիենտներ տառապում են ինչպես խոշոր, այնպես էլ մանր անոթների վնասվածքներից: Սա ամբողջ օրգանիզմի համար վտանգավոր հետեւանքներ է ունենում: Մազանոթների վնասվածքն առաջացնում է կուրություն, երիկամների քրոնիկական հիվանդություն կամ փտախտ, որը հղի է անդամահատմամբ, հայտնում է HighTech+-ը՝ վկայակոչելով Science Daily-ին:

Յոնսե համալսարանի կորեացի հետազոտողների կարծիքով՝ դիաբետի դեպքում անոթային դիսֆունկցիայի կանխումը հնարավոր է աուտոֆագիայի միջոցով: Այս բնական պրոցեսը բջիջները մաքրում է ոչ անհրաժեշտ բաղադրիչներից, սակայն դիաբետով պացիենտների մոտ այն, ամենայն հավանականությամբ, խախտվում է:

Գիտնականները փորձի ժամանակ 2-րդ տիպի դիաբետի նմանակով լաբորատոր մկներին դեղամիջոցներ են ներարկել, որոնք խթանում են աուտոֆագիան:

Դրան հաջորդած մանր անոթների տրամագծի անալիզը հաստատել է, որ մեթոդն իսկապես անոթների առողջությունը բարելավում է:

Հեղինակները հույս ունեն, որ կկարողանան հայտնագործության արդյունքներն ադապտացնել նաեւ դիաբետով տառապող մարդկանց բուժման համար:



© NEWS.am Medicine