Օղու եւ վարունգի զուգակցությունը վատ գաղափար է. Ինչո՞ւ ոչ բոլոր մթերքներն է կարելի զուգակցել ոգելիցի հետ

16:30   20 նոյեմբերի, 2019

Օղի եւ այլ ալկոհոլային ըմպելիքներ գործածելուց հետո մարինացված վարունգ ուտելը վատ գաղափար է: Ինչպես պնդում են մասնագետները, ամենեւին ոչ բոլոր մթերքներն է կարելի զուգակցել ալկոհոլային ըմպելիքների հետ, իսկ որոշ զուգակցություններ կարող են առողջության համար վտանգավոր լինել:

«Մարինացված մթերքները գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը եւ ալկոհոլի հետ զուգակցելիս կարող են բորբոքում առաջացնել: Դրանից բացի, ուժեղանում է ստամոքսում ալկոհոլի ներծծումը: Նույնպիսի արդյունք են ունենում սուր ճաշատեսակները»,- aif.ru պարբերականին ասել է գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը:

Մասնագետի խոսքով՝ գլխավոր վտանգ է ներկայացնում քացախը. այն կարող է գրգռել աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթները: Իսկ ալկոհոլի հետ զուգակցությամբ արդյունքը միայն կսաստկանա եւ կարող է առաջացնել բորբոքային պրոցեսներ:

Նույն պատճառով ցանկալի չէ ալկոհոլի հետ զուգակցել նաեւ սուր ճաշատեսակները: Այսպիսի զուգակցությունների պարբերական գործածման դեպքում մարդու մոտ կարող է առաջանալ ստամոքսի գաստրիտ, էրոզիա եւ խոց:

Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել մարինացված բանջարեղենից՝ դրանք փոխարինելով թթվեցրած կաղամբով: Այս մթերքը տարբերվում է մետիոնինի պարունակությամբ, որը խոչընդոտում է խոցի զարգացմանը եւ առողջացնում ստամոքսի լորձաթաղանթը: Համեմը, մաղադանոսը, ռեհանը, կանաչ սոխը, հազարը եւ այլ կանաչեղենը, իրենց հերթին, հրաշալի աբսորբենտ կդառնան ալկոհոլի եւ ճաշի յուղի համար:



© NEWS.am Medicine