Որքա՞ն հաճախ պետք է լվանալ սավանը

14:35   21 նոյեմբերի, 2019

Նույնիսկ եթե մարդն իրեն մաքրասեր է համարում, նրա անկողնում մաշկի մահացած բջիջներ, ճարպ, քրտինք եւ փոշու տիզ է մնում: Այս պատճառով անկողնու սպիտակեղենը պետք է լվանալ հաճախ, առավել եւս, որ մարդը չի կարող ադեկվատ գնահատել սեփական մարմնի հոտերն ու ի վիճակի չէ գնահատելու սեփական անկողնու թարմությունը հոտառության միջոցով՝ պնդում է հիգիենիստ Լաուրա Հուդմանը:

Մասնագետի խոսքով՝ ոչ թարմ սպիտակեղենը ժամանակի ընթացքում կարող է առողջական տարբեր խնդիրների հանգեցնել՝ գրգռված մաշկ, բշտիկներ, փոշու տիզերի նկատմամբ ալերգիկ ռեակցիաներ եւ այլն:

Որքա՞ն հաճախ պետք է լվանալ սավանը: Մասնագետների խորհուրդները հրապարակել է Prevention ամսագիրը:

«Որպես կանոն՝ սավանը փոխել եւ լվանալ պետք է ամեն 1-2 շաբաթը մեկ: Սակայն եթե դուք կամ ձեր կողակիցը ուժեղ քրտնարտադրություն եք ունենում, զբաղվում եք սեքսով, սովորոթյուն ունեք մերկ վիճակում քնել կամ անկողինը կիսում եք ընտանի կենդանիների հետ, սպիտակեղենն ավելի արագ է կեղտոտվում: Այդ դեպքում պետք է այն փոխել շաբաթական մեկ-երկու անգամ»,- ասել է Հուդմանը:

Մասնագետը հավելել է, որ դեմքին բշտիկների հայտնվելու դեպքում հակտապես պետք է ուշադրություն դարձնել բարձերեսին եւ այն փոխել շաբաթական 2-3 անգամ:

Իսկ ի՞նչ կլինի, եթե սավանն այդքան հաճախ չլվանաք:

Նյու Յորքի Մաունթ Սինայ բժշկական կենտրոնի կոսմետոլոգիական եւ կլինիկական հետազոտությունների տնօրեն, բժիշկ Ջոշուա Ցայհները պնդում է, որ ամեն ժամ մարդու մարմինը կորցնում է մոտ 200 մլն մաշկի մահացած բջիջ: Այդ բջիջները մնում են անկողնում: Եթե սավանը հաճախ չփոխեք եւ չլավանաք, ապա դա կարող է ալերգիկ ախտանիշների առաջացման պատճառ դառնալ՝ փռշտոց, հարբուխ, խռխռոց, դժվար շնչառություն:

Բացի այդ, սավանը կլանում է քրտինքը, կոսմետիկ միջոցները, թեփը:

«Քանի որ այդ բոլոր նյութերը քնի ժամանակ կպչում են մաշկին, կարող է խնդիրների մի ամբողջ շարք առաջանալ՝ մաշկի գրգռվածությունից մինչեւ բշտիկներ եւ ինֆեկցիաներ: Եթե դուք չոր կամ զգայուն մաշկ ունեք, էկզեմա կամ վարդագույն կորյակներ, ապա ամենից շատ եք ենթարկվում ռիսկին, քանի որ ձեր մաշկի բարիերն արդեն թուլացած է»,- զգուշացրել է փորձագետը:  



© NEWS.am Medicine