Ո՞ւմ համար է օգտակար ընդեղեն ուտելը

19:20   22 նոյեմբերի, 2019

Ընդեղենն օգտակար է սրտին եւ անոթներին, իսկ դրա պարբերական գործածումը նվազեցնում է սիրտ-անոթային մի ամբողջ շարք հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպես նաեւ օգնում է վերահսկել զարկերակային ճնշումը: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Advances in Nutrition-ում:

Medical Express-ի փոխանցմամբ՝ գիտնականները վերլուծել են այս ոլորտում կատարված մի շարք հետազոտություններ եւ հանգել այն եզրակացության, որ ընդեղենի պարբերական գործածումը 10 տոկոսով նվազեցնում է իշեմիկ հիվանդության եւ հիպերտոնիայի զարգացման հավանականությունը:

Մասնագետների խոսքով՝ ընդեղենը սեփական առողջությունն ամրացնելու պարզ եւ էժան միջոց է, ուստի բոլոր մարդկանց խորհուրդ է տրվում այն ավելացնել իրենց սննդակարգին: Ընդեղենն օգտակար է բջջանյութի, բուսական սպիտակուցի եւ տարբեր սննդարար նյութերի մեծ պարունակության շնորհիվ: Ընդ որում՝ դրանց մեջ ճարպի քանակությունը քիչ է, չկա խոլեստերին, ընդեղենը նաեւ ցածր գլիկեմիկ ինդեքս ունի (այսինքն՝ դրանք չեն առաջացնում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացում): Բժիշկները խորհուրդ են տալիս գործածել շաբաթական մոտ 3 գավաթ ընդեղեն:

Համարվում է, որ ընդեղենը պարունակվող բջջանյութի շնորհիվ նաեւ նվազեցնում է դիաբետի եւ աղիների բորբոքային հիվանդությունների զարգացումը:



© NEWS.am Medicine