Միգրենի դեմ նոր դեղամիջոցը հաղթահարել է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը

20:29   22 նոյեմբերի, 2019

Միգրենի դեմ նոր դեղամիջոցը հաղթահարել է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, որոնց ընթացքում հաջողվել է ապացուցել դրա անվտանգությունն ու արդյունավետությունը։

Խոսքը ուբրոգեպանտի՝ միգրենի դեմ նոր սերնդի դեղամիջոցի (գեպանտների դասից) մասին է, որն արտադրում է Allergan ընկերությունը։ Գեպանտները, ինչպես հայտնի է, ուղղված են կալցիտոնին-գեն-շաղկապված պեպտիդ-առանցքային մոլեկուլի դեմ, որը մասնակցում է ցավի առաջացմանը եւ ուղեկցում միգրենի ախտանշաններին։

Հետազոտությունների ընթացքում հատկապես լավ է դրսեւորվել խմելու համար նախատեսված 50 միլիգրամ չափաբաժինը։ Միջոցը կարելի է խմել հենց նոպայի ժամանակ՝ նվազեցնելու համար միգրենի ախտանշանների արտահայտվածությունը (ցավը, սրտխառնոցը, լույսի եւ ձայնի հանդեպ զգայունակությունը)։ Դրա էֆեկտը նկատելի է դառնում 2 ժամվա ընթացքում։

Դեղն ստեղծողների խոսքով՝ ուբրոգեպանտը հիանալի ընտրություն կլինի նրանց համար, ովքեր չեն կարող խմել տրիպտաններ (վտանգավոր են սրտի հիվանդությունների ժամանակ)։



© NEWS.am Medicine