Հապալասը կարող է պաշտպանել սրտի հիվանդություններից. գիտնականներ

09:45   27 նոյեմբերի, 2019

Ամենօրյա սննդաբաժնում հատապտուղների ներառումը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, այս մասին վկայում են բազմաթիվ հետազոտություններ։ Ինչպես նշում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, հատապտուղներն օգտակար են ե՛ւ բարձր ռիսկի խմբի, ե՛ւ առողջ մարդկանց համար։ Արժե հատուկ ուշադրություն դարձնել հապալասին։

Հապալասը հարուստ է պոլիֆենոլով եւ բջջանյութով, այն ազդում է որպես հակաօքսիդանտ եւ օգնում գլյուկոզայի մետաբոլիզմի հարցում։ Հապալասը օգնում է հաղթահարել բորբոքային պրոցեսները, այդ թվում միոկարդի ժամանակ, դանդաղեցնում է խոլեստերին պարունակող բջիջների առաջացումը։ Այսպիսով, հապալասը նվազեցնում է անոթների խցանման, աթերոսկլերոզի առաջացման  ռիսկը եւ կարգավորում լիպիդների պարունակությունը։

Մասնագետները սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման լավ միջոց են համարում օրական մի բաժակ հապալաս օգտագործելը։ Իհարկե, դա չի նշանակում, թե կարելի է մոռանալ առողջ ապրելակերպի սկզբունքների մասին՝ ճիշտ սնվելը, ֆիզիկական ակտիվությունը եւ ծխելուց հրաժարվելը կարեւոր են ամեն դեպքում։



© NEWS.am Medicine