Հաշմանդամ մնացած բայքերը իր ընկերուհուն հիվանդանոցի մահճակալից է առաջարկություն արել

20:40   28 նոյեմբերի, 2019

Անգլիական Դեւոն կումսության Տորկի քաղաքից 28-ամյա փականագործ եւ բայքեր Նեյթան Քլարքը ՃՏՊ-ի հետեւանքով ամբողջ կյանքում հաշմանդամ կմնա։ Վերջերս նա, հիվանդանոցային մահճակալին պառկած, առաջարկություն է արել իր ընկերուհուն։

The Mirror-ը հայտնում է, որ նոյեմբերի 10-ին Նեյթանը մոտոցիկլետով դուրս է եկել իր ընկերուհի Սառա Փլանթի ծնողների տնից։ Տուն գնալու ճանապարհին նա անսպասելի ընկել է մոտոցիկլետից եւ լուրջ վնասվածքներ ստացել։ Եւ քանի որ 35 կմ/ժ արագությամբ է վարել, շատ հեռանալ չի հասցրել։

Պարզվել է՝ Նեյթանի թոքը ծակված է, ոտքը եւ ողնաշարը կոտրված են, եւ լրջորեն վնասված է ուղնուղեղը։ Նա նաեւ մի քանի ատամ է կորցրել։ Նրան ուղղաթիռով հասցրել են հիվանդանոց եւ տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում։ Նա չի կարողացել վզից ներքեւ շարժել մարմինը եւ խոսել, քանի որ կոկորդում շնչառական խողովակ է եղել։

Տեղի ունեցածը չի ազդել Սառային ամուսնության առաջարկություն անելու Նեյթանի ծրագրի վրա։ Նախապես նա ստացել էր աղջկա հոր՝ 55-ամյա Դերել Փլանթի օրհնությունը։ Եւ հենց հիվանդանոցում էլ նա առաջարկություն է արել, ինչին Սառան համաձայնել է։ Դեպքից հետո աղջիկը թույլտվություն է վերցրել աշխատավայրում, որպեսզի սիրելիի կողքին լինի։ Նեյթանը վերակենդանացման բաժանմունքում առնվազն 3 ամիս կանցկացնի։

Ըստ բժիշկների, նա կարող է ընդմիշտ գամված մնալ հաշմանդամի սայլակին։ Սառայի ծնողները մտադիր են վաճառել իրենց տունը եւ հողամաս գնել, որպեսզի հաշմանդամության սայլակով տեղաշարժվող մարդուն հարմարեցված տուն կառուցեն։

Լուսանկարը՝ gofundme.com

 

 



© NEWS.am Medicine