Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկական կենտրոնը միակն է իր տեսակի մեջ, եւ այն չի կարելի մասնավորեցնել. «Իմ քայլը»

16:30   3 դեկտեմբերի, 2019

Մաշկաբանության եւ սեռավարակաբանության գիտագործնական բժշկական կենտրոնը առաջարկվում է հանել այն հաստատությունների ցուցակից, որոնք ենթակա են մասնավորեցման։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, «2017-2020 թվականներին պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ ընթերցմամբ օրինագծի քննարկման ընթացքում ասաց Առողջապահական եւ սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։

Նրա խոսքով՝ դա միակ բժշկական կենտրոնն է հանրապետությունում, որը քաղաքացիներին ցուցաբերում է նման տեսակի ստացիոնար ծառայություններ։

«Հայաստանի մյուս բժշկական կենտրոններում նման տեսակի ծառայություններ ստացիոնար պայմաններում չեն ցուցաբերվում։ Այս առումով, այն միակն է իր տեսակի մեջ։ Այստեղ իրականացվում է նաեւ զինակոչիկների եւ արդեն գործող զինծառայողների բուժզննում»,- պարզաբանել է Զեյնալյանը։

Նա ավելացրել է, որ այդ հաստատությունում բուժում է ստանում տարեկան մոտ 3000 մարդ, եւս 12 հազարը դիսպանսեր հսկողության տակ է։

 Հիշեցնենք, որ «2017-2020 թվականներին պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը միաձայն ընդունվել է հունիսի 19-ին Հայաստանի խորհրդարանում։ Համաձայն օրինագծի՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնը եւ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը կմնան պետության հաշվեկշռում, քանի որ դրանք, հաշվի առնելով նրանց գործունեության առանձնահատկությունը, հատուկ կարեւորություն են ներկայացնում պետության համար։



© NEWS.am Medicine