Գիտնականները կապ են հայտնաբերել մազերի ներկի եւ կրծքագեղձի քաղցկեղի միջեւ

12:04   5 դեկտեմբերի, 2019

Գիտնականները կապ են գտել մազերի ներկի եւ դրանք հարթեցնող միջոցների հաճախակի օգտագործման եւ կաթնագեղձի քաղցկեղի ռիսկի մեծացման միջեւ։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է International Journal of Cancer ամսագրում։

Համաձայն հետազոտության արդյունքների՝ կաթնագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը 45 տոկոսով ավելի բարձր էր մազերը ներկող աֆրոամերիկուհիների եւ 7 տոկոսով՝ սպիտակամորթ կանանց շրջանում։ Իսկ մազերը հարթեցնող միջոցների օգտագործումը կապված էր քաղցկեղի առաջացման վտանգի 18 տոկոսով ավելացման հետ։

Հետազոտությունը չի ապացուցում, որ հենց այդ միջոցներն ու ներկերն են քաղցկեղի պատճառը, այն միայն ցույց է տալիս հարաբերակցությունը։ Բայց հեղինակները գրում են, որ ներկերը եւ հարթեցնող միջոցները «կարող են դեր խաղալ» հիվանդության առաջացման գործում։

Հետազոտության համահեղինակ, ԱՄՆ շրջակա միջավայրի սանիտարական վիճակի ուսումնասիրման ազգային ինստիտուտի մասնագետ Ալեքսանդրա Ուայթը նշում է, որ չարժե շատ հուզվել այս հետազոտության արդյունքների հետ կապված։

«Այժմ մենք գիտենք, որ կաթնագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Ռիսկերը, որ տեսնում ենք այստեղ, դեր խաղում են, բայց դրանք փոքր են։ Կանայք պետք է հաշվի առնեն բոլոր գործոնների համատեքստը, ներառյալ կենսակերպն ու դիետան։ Մտածելով երկարատեւ ռիսկերի մասին՝ անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր գործոնները»,- ասել է նա USA TODAY-ին։

Նշենք, որ ԱՄՆ սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչությունն (FDA) ասում է, որ ժամանակակից ներկանյութերի եւ քաղցկեղի կապի հուսալի ապացույցներ չունի։ Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալությունը նման գնահատական է տալիս. ներկանյութերը քաղցկեղածին չեն համարվում։



© NEWS.am Medicine