Կարո՞ղ է արդյոք սաունան օգնել նիհարել

17:57   5 դեկտեմբերի, 2019

Շատերն այսօր հավատում են, թե սաունա գնալը կարող է օգնել ճարպերը մաշելու եւ նիհարելու գործում։ Բայց ավաղ, դա ընդամենը առասպել է, հավաստիացնում են մասնագետները։

Սրտաբան Ռիտա Ռեդբերգի (ԱՄՆ) խոսքով՝ գոյություն չունի որեւէ գիտական ապացույց, թե սաունան մարդկանց օգնում է քաշ գցել։

«Սաունայում գտնվելը չի հանգեցնում զգալի եւ երկարաժամկետ նիհարելուն։ Այն ամենը, ինչ կորցնում եք սաունայում, ջուրն է։ «Ջրի հաշվին «կորցրած» քաշը վերականգնվում է, երբ մարդը ջուր է խմում սեանսից հետո»,- նշել է նա՝ խորհուրդ տալով սաունա գնալիս շատ ջուր խմել՝ ջրազրկումից խուսափելու համար։

Միեւնույն ժամանակ, բժիշկը, այնուամենայնիվ, խորհուրդ է տալիս իր պացիենտներին այցելել սաունաներ, բայց ոչ թե նիհարելու, այլ նրա համար, որ դա օգնում է մարդկանց ավելի երկար ապրել։ Իհարկե, այս երեւույթի պատճառները գիտական աշխարհում առայժմ ճշգրիտ պարզված չեն։

Գուցե, սաունայի օգուտը թուլանալու եւ կուտակված սթրեսից ազատվելու մեջ է։ Բացի այդ, քրտնքի հետ միասին օրգանիզմից դուրս է գալիս նաեւ ավելորդ աղը, ինչը նույնպես կարող է օգտակար լինել որոշ մարդկանց համար։



© NEWS.am Medicine