Մասնագետները կոչ են անում նորովի մոտեցում ցուցաբերել արյան անալիզներին

09:48   6 դեկտեմբերի, 2019

Արյան անալիզի երեք ցուցանիշներով կարելի է դատել մարդու ընդհանուր առողջական վիճակի եւ նրա կյանքի ենթադրվող տեւողության մասին, հավաստիացնում են Քլիվլենդի համալսարանի մասնագետները։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, գլխավոր ցուցանիշն, ըստ գիտնականների, լիմֆոցիտների մակարդակն է։ Ավելի քան 31 հազար մարդու տվյալների ուսումնասիրությունը պարզել է կապը լիմֆոցիտների մակարդակի եւ մահացության միջեւ։ Այդ կապը կախված չէ տարիքից, արյան այլ մարկերներից եւ ռիսկի լրացուցիչ գործոններից։

Փորձագետների խոսքով՝ լիմֆոպենիայի (լիմֆոցիտների ցածր մակարդակի) դեպքում բարձր է սրտի հիվանդություններից, քաղցկեղից եւ շնչուղիների վարակներից, ներառյալ գրիպն ու թոքաբորբը, մահանալու ռիսկը։

Լիմֆոպենիայի եւ կյանքի կարճ տեւողության կապը հատկապես արտահայտված է եղել, եթե լիմֆոցիտների ցածր մակարդակները համադրվել են էրիթրոցիտների բաշխման անոմալ լայնության եւ С ռեակտիվ սպիտակուցի որոշակի մակարդակի հետ. սրանք էլ երկու մյուս արտահայտված ցուցանիշներն են։

Ելնելով այս ցուցանիշներից՝ մասնագետները կառուցել են պացիենտի մահացության ռիսկի պրոֆիլը։ Ռիսկի ցածր պրոֆիլ ունեցող մարդիկ մոտ 10 տարի երկար են ապրում, քան նրանք, ովքեր նույն կենսակերպն են վարում, բայց ունեն ռիսկի բարձր պրոֆիլ։



© NEWS.am Medicine