Ինչպե՞ս կանխարգելել սուր շնչառական վարակները և գրիպը. պարազաբանում է մասնագետը

20:31   5 դեկտեմբերի, 2019

2 շաբաթ է՝ Հայաստանում շրջանառվում է գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը և B գրիպի տեսակը, ինչպես նաեւ սուր շնչառական վարակների հարուցիչներ: Լրագրողների հետ զրույցում դրա մասին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Մասնագետի խոսքով՝ գրիպի A տեսակով հիվանդանալու դեպքում մարդը ապահովագրված չէ B տեսակով հիվանդանալուց․ միևնույն անհատը կարող է գրիպի տարբեր ենթատեսակներով հիվանդանալ:

Լիանա Թորոսյանը հիշեցրեց, որ գրիպը տարբերվում է ՍՇՎ-ներից։

«Շնչառական վարակները կարող են ուղեկցվել ցածր ջերմությամբ: Դրանք թեթև են ընթանում և մինչև 1 շաբաթվա ընթացքում հիվանդը կարող է առողջանալ՝ առատ հեղուկներ օգտագործելու և գրագետ բուժում ատանալու պարագայում: Կարող է լինել փռշտոց, քթահոսություն, բարդությունների առաջացման հավանականությունը ցածր է: Մինչդեռ գրիպը առանձին, բավականին լուրջ հիվանդություն է: Գրիպը ընթանում է բարձր ջերմությունով՝ մինչև 41 աստիճան, ընթանում է չոր, քթահոսությունը այստեղ կարող է ավելանալ վերջին օրերին: Գրիպը կարող է բերել բարդություններ՝ թոքաբորբ, բրոնխիտ», - նշեց մասնագետը:

Կանխարգելիչ միջոցառումները նա 2 խմբի է բաժանում. ի՞նչ անել, որպեսզի չհիվանդանալ, և ի՞նչ անել, եթե արդեն հիվանդացել եք։

«Եթե արդեն հիվանդացել եք, կարևոր նախապայմանն է մանկապարտեզ, դպրոց, համալսարան կամ աշխատանքի չգնալը,  որովհետև դուք այդպես բարդացնում եք Ձեր վիճակը, նաև վարակի աղբյուր եք հանդիսանում շրջապատի համար: Չհիվանդանալու նախապայմանը առողջ ապրելակերպն է, փակ տարածքների հաճախակի օդափոխումը, ձեռքերի հիգիենան, վարակվածների հետ շփման սահմանափակումը: Եթե հիվանդ եք,  պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ և պետք է բացառել հակաբիոտիկները: Գրիպը և սուր շնչառական վարակները ունեն վիրուսային ծագում, իսկ դուք, օգտագործելով հակամանրէային պատրաստուկներ, կարող եք Ձեր վիճակը վատացնել», - ասաց մասնագետը:

Լիանա Թորոսյանի խոսքով՝ հիվանդության առաջին 2 օրը սովորաբար մարդիկ չեն դիմում բժշկի, բայց այդ դեպքում պետք է առատ հեղուկներ օգտագործել, և եթե հիվանդությունը չի նահանջում, ապա բժշկին դիմելը պարտադիր է։ Իսկ ռիսկի խմբերի մարդկանց խորհուրդ է տրվում նույնիսկ այդ երկու օրը չսպասել՝ բարդություններից խուսափելու համար։

«Ռիսկի խմբերում են հղի կանայք, տարեցները, մանուկները, այն մարդիկ, ովքեր ունեն խրոնիկ հիվանդություններ: Եթե տեսնում եք, որ այս խմբի անձանց մոտ նկատվում են գրիպի ախտանիշներ, ապա միանգամից անհրաժեշտ է դիմել բժշկական հաստատություն: Հատկապես ռիսկային խմբի մարդկանց համար կարևոր է գրիպի դեմ պատվաստումը. դա նվազեցնում է մահացության հավանականությունը», - ասաց մասնագետը:

Լիանա Թորոսյանը նշեց նաև, որ անցած տարվա այս ժամանակահատվածի համեմատությամբ նկատվում է սուր շնչառական վարակների աճ, սակայն ծանր դեպքերը այս տարի քիչ են:



© NEWS.am Medicine