Ասպիրինը մեծացնում է քաղցկեղը հաղթահարելու հնարավորությունները. հետազոտություն

14:33   6 դեկտեմբերի, 2019

Շաբաթական մեկից մինչեւ 3 անգամ ասպիրինի ընդունումը մեծացնում է քաղցկեղը հաղթահարելու հնարավորությունները, պարզել է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտների հետազոտությունը:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 140 հազար ամերիկացիների վերաբերյալ 12 տարի հավաքված տեղեկությունները: Պարզվել է, որ շաբաթական մինչեւ 3 անգամ ասպիրին օգտագործողների շրջանում մահացությունն ավելի ցածր է եղել շագանակագեղձի, ուղիղ աղիքի, հաստ աղիքի, թոքերի եւ ձվարանների քաղցկեղի զարգացումից հետո:

Հատկանշական է, սակայն, որ այս յուրահատկությունը հայտնաբերվել է միայն նորմալ քաշով մարդկանց շրջանում: Սրա հետ կապված հետազոտության հեղինակները հայտարարել են ասպիրինի հատկությունների հետագա ուսումնասիրման անհրաժեշտության մասին՝ հայտնաբերելու համար մարմնի զանգվածի ինդեքսի եւ դեղամիջոցի արդյունավետության միջեւ օրինաչափությունը:



© NEWS.am Medicine