Տղամարդկանց եւ կանանց մոտ պրոբիոտիկներն ու պրեբիոտիկները տարբեր կերպ են աշխատում

19:26   10 դեկտեմբերի, 2019

Տղամարդկանց եւ կանանց մոտ պրոբիոտիկներն ու պրեբիոտիկները տարբեր կերպ են աշխատում, պարզել են Բրիսթոլի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ 28 օրական խոճկորների մոտ սեռից կախված իմունային բջիջների, հակամարմինների եւ այլ իմունային տարրերի տարբեր մակարդակներ են արտադրվել:

Medical Express-ը հայտնում է, որ համանման տարբերություններ են դիտվում նաեւ մարդկանց մոտ: Նախկինում արդեն հայտնի էր, որ աղջիկների մոտ պատվաստումների հանդեպ ավելի հզոր իմունային պատասխան է արտադրվում, քան տղաների մոտ: Իսկ հիմա պարզվել է, որ տարբեր սեռերի ներկայացուցիչների մոտ տարբերվում է նաեւ իմունային կարգավիճակը, որը պահպանվում է աղիներում: Այս պատճառով տղաների եւ աղջիկների մոտ պրոբիոտիկներն ու պրեբիոտիկները տարբեր կերպ են աշխատում: Օրինակ՝ ինուլին պրեբիոտիկը զգալիորեն ավելացնում է կարգավորող T բջիջների քանակությունը, որոնք վերահսկում են իմունային պատասխանը, բայց միայն ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ:

Գիտնականների կարծիքով՝ իմունային խանգարումների բուժման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել սեռական տարբերությունները: Անհրաժեշտ է նաեւ պարզել՝ ինչպիսի պրոբիոտիկները կամ պրեբիոտիկներն են առանձնապես օգտակար աղջիկների եւ տղաների համար:



© NEWS.am Medicine