Մանդարինի մեջ կարող է պարունակվել ուղեղի համար վտանգավոր նյութ

15:53   11 դեկտեմբերի, 2019

Մանդարինի մեջ կարող է պարունակվել քլորպիրիֆոս՝ գլխուղեղի առողջության համար վտանգավոր ինսեկտիսիդ, որն օգտագործվում է վնասատուների դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդում է Focus.de պորտալը:

Փորձագետները նշում են, որ քլորպիրիֆոսը կիրառվում է գյուղատնտեսության եւ անասնաբուժության մեջ՝ ուտիճի, տիզի, ցեցի, սարանչայի եւ այլ վնասատուների ոչնչացման համար: 2005 թվականին դրա օգտագործումը հավանություն է ստացել ԵՄ-ում, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել մարդու օրգանիզմի վրա այս պեստիցիդի բացասական ազդեցության մասին, որից հետո ԵՄ ամբողջ տարածքում այն արգելվել է:

Արգելքի մասին որոշումն ընդունվել է հետազոտության արդյունքների վերլուծությունից հետո, որը ցույց է տվել, որ նյութի նույնիսկ փոքր քանակությունը կարող է ուղեղի վրա բացասական ազդեցություն ունենալ. քլորպիրիֆոսը կրճատում է գլխուղեղի կեղեւի կարեւոր հատվածները՝ առաջացնելով զարգացման հապաղում: Մասնագետների խոսքով՝ այն առանձնապես վտանգավոր է երեխաների համար:

Փորձագետների կարծիքով՝ անբարեխիղճ գյուղարտադրանք արտադրողները դեռեւս կարող են ցիտրուսայինները մշակել քլորպիրիֆոսով (իսկ նյութը կեղեւից կարող է անցնել նաեւ փափկամսի մեջ): Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս մրգերն ու բանջարեղենը ձեռք բերել միայն ստուգված առեւտրակետերից:



© NEWS.am Medicine