Գիտնականները եւս մեկ քայլով մոտեցել են Սթիվեն Հոկինգի հիվանդության բուժմանը

23:48   18 դեկտեմբերի, 2019

Գիտնականները եւս մեկ քայլով մոտեցել են Սթիվեն Հոկինգի հիվանդության բուժմանը:

Ինչպես գրում է The Daily Mail-ը, շարժական նեյրոնները վերահսկում են մկանային կարեւորագույն գործունեությունը: Այդ նեյրոնների վնասման պատճառով հիվանդության արդյունքում մարդը կորցնում է քայլելու եւ խոսելու ունակությունը:

Շարժական նեյրոնի հիվանդության դեմ դեղամիջոցներ այսօր չկան: Սակայն նոր բացահայտումը կարող է փոխել ամեն ինչ: Գիտնականները պարզել են, որ կա բջիջների եւս մեկ տեսակ, որն այդ հիվանդության զարգացման տեսանկյունից կարեւոր է: Խոսքը գլիալ բջիջների մասին է, որոնք ունակ են վնասելու շարժական նեյրոնները:

Սենթ Էնդրյուսի համալսարանի հետազոտողները պարզել են, որ սովորաբար գլիալ բջիջները պահպանում են նեյրոնները գլխուղեղում եւ ողնուղեղում: Սակայն շարժական նեյրոնի հիվանդություն ունեցող պացիենտների մոտ ամեն ինչ այլ կերպ է:

Հետազոտության շրջանակում գիտնականները ստուգել են գլիալ բջիջների տարբեր կոմբինացիաները: Հաստատվել է, որ այդ հիվանդությունն ունեցող պացիենտների գլիալ բջիջները հանգեցրել են նրան, որ առողջ մարդկանց շարժական նեյրոնները դադարել են արտադրել էլեկտրական ազդանշաններ, որոնք անհրաժեշտ են մկանային հսկողության համար: 



© NEWS.am Medicine