Ալերգիկ ռինիտ. կարելի՞ է արդյոք բուժել այն

16:33   24 դեկտեմբերի, 2019

Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի բորբոքումն է տարբեր ալերգենների ազդեցության պատճառով։ Ալերգիկ ռինիտ ունեցող մարդիկ մշտապես բախվում են այնպիսի խնդիրների, ինչպիսին են այտուցն ու քթի փակվածությունը, արտադրությունը, քորը, կրկնվող բազմակի փռշտոցները։

Այսպիսի ռեակցիաները այդ մարդկանց մոտ կարող են առաջանալ տարբեր ալերգեններից՝ փոշուց ու ընտանի կենդանիների մարթուց մինչեւ ծաղիկներ ու խոտեր։

Ալերգիկ ռինիտը հսկողության տակ պահելու եւ պացիենտների կյանքի որակը բարելավելու համար նշանակում են տարբեր դեղեր, որոնք օգնում են կանգնեցնել հիվանդության ախտանշանները։ Բայց կարելի՞ է արդյոք բուժել այն։

Ոչ, չի կարելի, հավաստիացնում է բժիշկ Տատյանա Շապովալենկոն (Ռուսաստան)։

«Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հարցազրույցում մասնագետը նշել է, որ ներկա պահին, ցավոք, չկան դեղեր, որոնք կարող են մարդուն ազատել ալերգիկ ռինիտից։

«Ալերգիկ հիվանդության բուժման հիմքը ալերգենը պարզելն է եւ դրա հետ շփումը բացառելը։ Ցավոք, մշտապես ազատվել ալերգիայից անհնար է»,- ասել է մասնագետը։

Նա ավելացրել է, որ այսօր առկա դեղամիջոցները կարող են ընդամենը ժամանակավորապես վերացնել ալերգիայի ախտանշանները, որոնք խանգարում են պացիենտին՝ քոր, այտուց, փակ քիթ եւ այլն։ Խնդրի ավելի արմատական լուծումը գիտնականները դեռ փնտրում են։



© NEWS.am Medicine