Ամանորյա տոներին արդյոք վտանգավո՞ր է տաք երկրներ մեկնելը

10:32   31 դեկտեմբերի, 2019

Մարդկանցից շատերը հիմա ձգտում են մեկնել տաք երկրներ եւ Ամանորը դիմավորել որեւէ լողափում: Առողջության վրա ինչպե՞ս կանդրադառնա կլիմայի նման փոփոխությունը:

Ցուրտ եղանակին անոթները նեղանում են, եւ արյան շրջանառությունը վատթարանում է, իսկ զարկերակային ճնշումը բարձրանում, ինչը կարող է մի ամբողջ շարք խնդիրներ առաջացնել, հատկապես սիրտ-անոթային եւ թոքերի հիվանդություններով մարդկանց մոտ:

Բայց սա ամենեւին չի նշանակում, որ այդ մարդկանց ինքնազգացողությունը կբարելավվի, եթե մեկնեն տաք երկիր: Բանն այն է, որ եթե մարդը արդեն երկար տարիներ բնակվում է ինչ-որ տեղանքում, նրա օրգանիզմն արդեն դրան վարժվել է. նա գիտի, թե տարվա եղանակներն ինչպես են միմյանց հերթագայում, ինչպես են փոխվում մթնոլորտային ճնշման եւ խոնավության ցուցանիշները: Սա անչափ կարեւոր է, քանի որ հենց այդ տեղանքում են օրգանիզմի կենսառիթմերը գործում քիչ թե շատ ներդաշնակ: Եվ տաք եղանակին ձմռան փոխարինումը օրգանիզմը նորմալ է ընկալում՝ նա դրան արդեն վարժվել է:

Իսկ եթե մարդը ձմռան կեսին հայտնվում է արեւադարձներում ինչ-որ տեղ, դա կարող է նրա օրգանիզմի համար ցնցում լինել: Եվ եթե երիտասարդ ու առողջ օրգանիզմը կարող է այդ ցնցումը հանգիստ հաղթահարել, քրոնիկական հիվանդություններով մարդու համար դա կարող է մի շարք խնդիրներ առաջացնել:

Եթե ցանկանում եք ամանորյա տոներին ուրիշ երկիր գնալ, ավելի ճիշտ կլինի խորհրդակցել ձեզ բուժող բժշկի հետ, եթե որեւէ քրոնիկական հիվանդություն ունեք: Միայն բժիշկը կկարողանա ասել՝ ձեզ կարելի՞ է որեւէ տեղ գնալ, թե՞ ոչ, իսկ եթե կարելի է, ապա ինչպիսի դեղեր պետք է վերցնեք ձեզ հետ եւ նախազգուշական ինչ միջոցներ պետք է ձեռնարկեք:



© NEWS.am Medicine