Կինը առանց որեւէ վիրահատության մինչեւ իր 30 ամյակը նիհարել է 76 կիլոգրամով (ֆոտո)

19:31   31 դեկտեմբերի, 2019

Շատերին հաջողվում է մի քանի տասնյակ կիլոգրամ քաշ գցել միայն բարիատրիկ վիրահատությունից հետո, սակայն անգլիական Արեւմտյան Յորքշիր կոմսության Բաթլի քաղաքից Սառա Վասսը 76 կիլոգրամով նիհարել է միայն ճիշտ սնվելու եւ սպորտի միջոցով։

Daily Mirror թերթը գրում է, որ Սառան վնասակար սննդի եւ նստակյաց կյանքի պատճառով գիրացել է մինչեւ 157 կիլոգրամ։ Նրա խոսքերով՝ անծանոթները փողոցում իրեն դատապարտող հայացքով էին նայում եւ հաճախ «ճարպոտ կով» էին անվանում։

«Ես հասա նրան, որ պարզապես դադարեցի տնից դուրս գալ։ Ինձ համար ավելի հարմարավետ էր նստել իմ միկրոաշխարհում։ Ես հնարավորինս խուսափում էի մարդաշատ վայրերից»,- պատմում է նա։

Մի անգամ Սառան հասկացել է, որ հոգնել է վիրավորանքներից, եւ որոշել է իրեն կարգի բերել։ Նա հրաժարվել է ֆաստֆուդից, սկսել է շաբաթական 2 անգամ ակվաաերոբիկայով զբաղվել եւ սպորտդահլիճ հաճախել։ Նա մինչեւ իր 30 ամյակը 76 կիլոգրամով նիհարելու նպատակ է դրել եւ հասել է դրան։ Ջանքերի համար նա իրեն նվիրել է մի քանի զգեստ, որոնց մասին նախկինում նույնիսկ երազել չէր կարող։

«Մարդիկ կարծում են, թե ես հատուկ վիրահատություն եմ արել, որպեսզի նիհարեմ։ Ընկերներս սկսել են ինձ չճանաչել,- խոստովանում է Սառան,- Առողջությունս լավացել է։ Ես էներգիայով լի եմ։ Այժմ կարող եմ դստերս հետ ավելի ակտիվ ժամանակ անցկացնել»։



© NEWS.am Medicine