Ո՞ր մթերքներն են օգնում կանխել կրծքագեղձի քաղցկեղը

09:48   9 հունվարի, 2020

Ճիշտ սնվելը կարող է պաշտպանել քաղցկեղի շատ տեսակներից, այդ թվում՝ կրծքագեղձի քաղցկեղից: Քաղցկեղի կանխարգելման համար, բնականաբար, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն սննդակարգին, այլեւ հրաժարվել ծխելուց եւ ալկոհոլի չարաշահումից, ինչպես նաեւ ավելի շատ շարժվել եւ ազատվել ավելորդ քաշից:

Այսպիսով, քաղցկեղի կանխարգելման համար ինչպիսի՞ մթերքներ է խորհուրդ տրվում ավելացնել սննդակարգին:

Կարմիր կաղամբ

Կարմիր կաղամբը պարունակում է ինդոլ-3-կարբինոլ՝ նյութ, որը կարող է արդյունավետ լինել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության նվազեցման գործում: Կաղամբի մեջ կա նաեւ ծծումբ պարունակող սուլֆորաֆան միացություն, որը ինհիբիրացնում է դեացենտիլազ գիստոնը՝ ֆերմենտ, որը մասնակցում է քաղցկեղային բջիջների աճին: Դրանից բացի, կարմիր կաղամբը հարուստ է անտոցիանիններով՝ նյութեր, որոնք հայտնի են իրենց հակաօքսիդանտային հատկություններով:

Նուռ

Նուռն ինհիբիրացնում է արոմատազա ֆերմենտը, որը անդրոգենը վերափոխում է էստրոգենի: Արոմատազան կարող է տղամարդկանց մոտ առաջացնել էստրոգենի անչափ բարձր մակարդակ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, ինչպիսին են ավելորդ քաշ հավաքելը, կրծքի եւ փորի շրջանում ճարպի կուտակումը եւ այլն: Իսկ կանանց մոտ կարող է առաջացնել հորմոնային խանգարումներ, որոնց պատճառով կարող է մեծանալ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Գազար

Գազարը հարուստ է բետա կարոտինով՝ նյութ, որը հայտնի է հակաօքսիդանտային հատկություններով: Իսկ գազարի նարնջագույն տեսակները պարունակում են նաեւ հակաբորբոքային անտոցիանին միացությունը, որը կարող է արդյունավետորեն կանխել բջիջների, սպիտակուցների եւ ԴՆԹ-ի վնասումը, ինչը նպաստում է քաղցկեղի զարգացմանը:

Խնձոր

Խնձորի վարդագույն եւ կարմիր կեղեւում պարունակվում են անտոցիանիններ, որոնք կան նաեւ կարմիր կաղամբի մեջ: in vitro հետազոտություններում խնձորի մեջ պարունակվող ֆլավոնոլ կվերցետինը դրսեւորել է կրծքագեղձում քաղցկեղային ուռուցքի աճը կանխող հատկություն:

Խաղող

Կարմիր խաղողը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք զգալիորեն նվազեցնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը: Խաղողի կեղեւում պարունակվում են անտոցիանիններ եւ կատեխիններ՝ հզոր հակաօքսիդացնողներ, որոնք կարող են ճնշել օրգանիզմում ազատ ռադիկալների ակտիվությունը՝ կանխելով բջիջների օքսիդացումն ու քայքայումը: Խաղողի մեջ նաեւ կան կարեւոր ֆենոլային միացություններ՝ կոֆեինաթթու, կվերցետին եւ միրեցետին, որոնք ապահովում են քաղցկեղից լրացուցիչ պաշտպանություն:

Ճակնդեղ

Ճակնդեղի մեջ պարունակվում է բետանին, որը գործում է որպես ազատ ռադիկալները չեզոքացնող հզոր հակաօքսիդանտ. ազատ ռադիկալները մոլեկուլներ են, որոնք վնասում են բջիջների ամբողջականությունը եւ դրանով իսկ արագացնում ծերացման պրոցեսները եւ գեներում մուտացիաները, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը:



© NEWS.am Medicine