«Օգնեք կատվիս». ինչո՞ւ են երեւանցիները շտապօգնություն կանչել ամանորյա տոների ժամանակ

12:42   9 հունվարի, 2020

Ամանորյա տոների ժամանակ Երեւանի շտապօգնությունը ստացել է օրական մոտ 900 կանչ: Ամենից շատ կանչեր են գրանցվել հունվարի 6-ին՝ 976, դրանցից 220-ը՝ հոսպիտալացման դեպքեր: Այս մասին լրագրողներին հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ ամենից հաճախ երեւանցիները շտապօգնություն են կանչել սրտանոթային հիվանդությունների պատճառով: Երկրորդ տեղում են՝ մրսածություն եւ ՍՇՎ, երրորդ տեղում՝ վնասվածքներ: Սակայն կանչերը, որոնք իրականում չեն վերաբերում շտապօգնությանը, քիչ չեն. 8 օրում միայն 1657 պացիենտ է հոսպիտալացվել՝ այս ընթացքում բոլոր կանչերի մոտ 25 տոկոսը: Բոլոր մյուսները կարող էին դիմել պոլիկլինիկաներ, որտեղ, ի դեպ, տոների ժամանակ հերթապահություն է սահմանվել:

Ցավոք, անհեթեթ դեպքերը եւս քիչ չեն: Մի մարդ շտապօգնություն է կանչել՝ ասելով, որ իրեն վատ է զգում, սակայն երբ բրիգադը ժամանել է, պահանջել է օգնություն ցուցաբերել իր կատվին:

Շտապօգնության աշխատակիցների խոսքով՝ նման դեպքեր են գրանցվում ողջ տարվա ընթացքում. քիչ չեն մարդիկ, որոնք բրիգադ են կանչում եւ խնդրում լամպը փոխել, մեկ բաժակ ջուր բերել, սուրճ եփել կամ մատից մատանին հանել:

Այսօր շտապօգնությունը, ինչպես նշեց Թագուհի Ստեփանյանը, իրավունք չունի մերժել պացիենտներին: Սակայն նրանց, ովքեր օգնություն են կանչում առանց լուրջ անհրաժեշտության, տնօրենը կոչ արեց մտածել նրանց մասին, ովքեր իսկապես այդ պահին օգնության կարիք ունեն. եթե բրիգադը, որը զբաղված է լամպ փոխելով կամ ճնշում չափելով, ինչ-որ մեկն այդ պահին կարող է մահանալ՝ չսպասելով օգնության:

Թագուհի Ստեփանյանը հիշեցրեց, որ այժմ Երեւանում գործում է պիլոտային ծրագիր, որի շրջանակում շտապօգնության որոշ կանչեր, որոնք կարող է իրականացնել ընտանեկան բժիշկը, տեղափոխվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկա, որտեղից պացիենտի մոտ գնում է թերապեւտը: Այդպիսով, կարելի է բյուջեից գումար տնտեսել եւ շտապօգնության բրիգադներին հնարավորություն տալ զբաղվել այն պացիենտներով, որոնց իսկապես անհետաձգելի օգնություն է անհրաժեշտ:



© NEWS.am Medicine