Ինչպես խուսափել դեպրեսիայից ամանորյա տոներից հետո

19:30   9 հունվարի, 2020

Ամանորյա տոներից հետո աշխատանքի վերադառնալը կարող է դեպրեսիվ վիճակի պատճառ դառնալ, կարծում է հոգեբույժ-նարկոլոգ Բորիս Մենդելեւիչը (Ռուսաստան)։

Նրա կարծիքով՝ դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ ենթագիտակցաբար մենք տոներից հրաշք եւ ցանկությունների կատարում ենք սպասում, իսկ տոներից հետո շատ դժվար է վերադառնալ աշխատանքային օրերին, երբ հույսը միայն քեզ վրա կարող ես դնել։

«Հետամանորյա դեպրեսիան բավական տարածված երեւույթ է։ Տոնական օրերին ամենուր տիրում է հրաշքի սպասման մթնոլորտ, եւ շատ դեպքերում Նոր տարուն մարդիկ ակնկալում են, որ բոլոր ցանկությունները կկատարվեն։ Սակայն պետք է հասկանալ, որ բացի ցանկություններից, պետք է լինեն նաեւ գործողություններ»,- ասել է Մենդելեւիչը։

Նրա խոսքերով՝ հուսահատությունից եւ դրանից բխող խնդիրներից խուսափելու համար կարիք չկա ձեր առջեւ մասշտաբային, դժվար հասանելի խնդիրներ դնել։ Եթե դուք ունեք երազանք, ավելի լավ է բաժանեք այն «փոքր քայլ-նպատակների» եւ հասկանաք, թե ինչպես կարելի է դրանց հասնել։

«Մի ամաչեք խորհուրդ կամ օգնություն խնդրելուց՝ կողքից հայացքը կարող է նոր հնարավորություններ եւ պոտենցիալ բացել»,- ասում է փորձագետը։

«Հետամանորյա համախտանիշը» ավելի թեթեւ տանելու համար մասնագետը խորհուրդ է տալիս աշխատանքային ռեժիմին անցնել աստիճանաբար, որպեսզի օրգանիզմը շատ մեծ սթրեսի չենթարկվի։

«Եւ, իհարկե, նույնիսկ աշխատանքային օրերին հիշեք ձեր երազանքների եւ նպատակների մասին, որոնց կարելի է հասնել ժրաջան աշխատանքի եւ բարձր արդյունքների շնորհիվ»,- ասել է մասնագետը։

 



© NEWS.am Medicine