Կարո՞ղ է արդյոք մեր լեզուն նիհարել

12:59   11 հունվարի, 2020

Կարո՞ղ է արդյոք մեր լեզուն նիհարել։ Քչերն են մտածում այս հարցի մասին, բայց պարզվում է, որ կարող է։ Ավելին, դա օգտակար է առողջության համար։ Փենսիլվանիայի համալսարանի Փերելմանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ լեզվի վրա ճարպի քանակի նվազումը բարելավում է մարդկանց վիճակը քնի օբստրուկտիվ ապնոեի ժամանակ։ Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Respiratory and Critical Care Medicine ամսագրում։

«Բժիշկների եւ քնի ապնոեի փորձագետների մեծ մասը սովորաբար չի կենտրոնանում լեզվի ճարպի վրա՝ այդ վիճակը բուժելիս։ Հիմա, երբ մենք գիտենք, որ լեզվի ճարպը ռիսկի գործոն է, մենք առաջադրել ենք ունիկալ թերապեւտիկ նպատակ, որը մինչ այդ երբեք չենք ունեցել»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ Ռիչարդ Շվաբը։

Օբստրուկտիվ ապնոեի ախտանշանի դեպքում տեղի են ունենում շնչառության հաճախակի կանգեր քնի մեջ, որոնք սովորաբար ուղեկցվում են ուժեղ խռմփոցով։ Դրա ռիսկի հիմնական գործոնը ճարպակալումն է, բայց կան նաեւ այլ պատճառներ, ինչպիսին է մեծ նշագեղձերի առկայությունը կամ «խեղդված» ծնոտը։

Նույն գիտնականները 2014 թվականին հետազոտություն են իրականացրել, որում համեմատել են ճարպակալում ունեցող պացիենտների 2 խումբ՝ առանց օբստրուկտիվ ապնոեի կամ ապնոեով։ Մասնագետներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ ապնոե ունեցող մասնակիցների լեզուները  ավելի մեծ չափի են եղել եւ ունեցել են ճարպային նստվածքների ավելի բարձր տոկոս։

Նոր հետազոտությանը մասնակցել են 67 կամավորներ, որոնք ունեցել են ճարպակալում եւ քնի օբստրուկտիվ ապնոեի ախտանշան։ Դիետայի կամ քաշի նվազեցման վիրահատության շնորհիվ բոլոր պացիենտները 6 ամսում միջինը կորցրել են մարմնի զանգվածի մոտ 10 տոկոսը։ Դրանից հետո ապնոեի ցուցանիշները նվազել են 31 տոկոսով։

Քաշի նվազեցումից առաջ եւ հետո հետազոտության մասնակիցներն անցել են կոկորդի եւ որովայնի խոռոչի ՄՌՏ սքանավորում։ Գիտնականները պարզել են, որ դրական դինամիկան հիմնականում կապված է եղել լեզվի վրա ճարպի նվազման հետ։

Նիհարելու արդյունքում պացիենտների մոտ փոքրացել են ոչ միայն լեզվի չափը եւ դրա ճարպային նստվածքների քանակությունը, այլեւ թեւանման ելուստի (ծնոտի մկաններ, որոնք վերահսկում են ծամելը) եւ կոկորդի կողապատի (շնչուղիների կողային մկաններ) ծավալը։ Այդ փոփոխությունները բարելավել են պացիենտների վիճակը։



© NEWS.am Medicine