Ինչո՞ւ է այդքան կարեւոր բանանը մաքրելուց հետո ձեռքերը լվանալ

19:50   13 հունվարի, 2020

Գոծածելուց առաջ բանանները, ինչպես ցանկացած այլ միրգ, անհրաժեշտ է լավ լվանալ հոսող ջրով: Խորհուրդ է տրվում նաեւ կեղեւը մաքրելուց հետո ձեռքերը լվանալ: Ինչո՞ւ: Բանն այն է, որ բանան արտադրողները սովորաբար բույսերի վրա պեստիցիդներ են ցողում, որպեսզի դրանք վնասատուներից պաշտպանեն: Իսկ մարդկանց համար այդ պեստիցիդները վտանգավոր են:

«Հետազոտությունների ժամանակ պեստիցիդների մնացորդները բազմիցս հայտնաբերվել են կեղեւի վրա»,- Բավարական սպառողական կենտրոնի հաշվետվության մեջ ասել է սնունդի հարցերով փորձագետ Սաբինա Հյուլսմանը:

Պեստիցիդները ձեր առողջությանը կարող են վնաս հասցնել, եթե ձեր օրգանիզմում հայտնվեն, ուստի բանանները գործածման պատրաստելուն պետք է պատշաճ զգուշավորությամբ մոտենալ:

Դրանից բացի, բերքահավաքից հետո բանանները սովորաբար մշակում են բորբոսի դեմ միջոցներով, այսպես կոչված՝ ֆունգիցիդներով: Դա անհրաժեշտ է փոխադրման ժամանակ մրգի վաղաժամ փտումը կանխելու համար: Եվ այդ նյութերը նույնպես կարող են մարդու առողջությանը վտանգ ներկայացնել:

Լավ նորությունն այն է, որ այս բոլոր նյութերը բանանի մրգամսի մեջ չեն կարող հայտնվել, եթե, իհարկե, կեղեւը չի վնասվել: Ուստի եթե բանանը անվտանգ մեթոդով եք մաքրել եւ թույլ չեք տվել այդ նյութերի թափանցում մրգամսի մեջ, այն կարելի է հանգիստ ուտել:

«Կեղեւից բանանները մաքրելուց հետո ցանկալի է ձեռքերը լվանալ՝ այդ ընթացքում կեղտոտ ձեռքերով չհպվելով մրգամսին: Իսկ երեխաների ձեռքը պետք է տալ միայն մաքրված միրգը»,- խորհուրդ է տալիս Հյուլսմանը:



© NEWS.am Medicine