Արդյո՞ք կարող է միկրոտարրերի պակասը հիպերակտիվության պատճառ լինել

14:30   15 հունվարի, 2020

Երեխաների մոտ ուշադրության պակասի եւ հիպերակտիվության ախտանիշի զարգացման պատճառ կարող են լինել արյան մեջ քրոմի, մագնիումի եւ ցինկի ցածր մակարդակը՝ պնդում են Պ.Գ.Դեմիդովի անվան Յարոսլավլի պետական համալսարանի մասնագետները:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ ախտանիշի դեպքերի 60-80 տոկոսը պայմանավորված է գենետիկ հակվածությամբ: Ռուս գիտնականները վերլուծել են հիպերակտիվության ախտանիշով 100 երեխաների եւ առողջ 100 երեխաների մազերի եւ արյան մեջ տարբեր տարրերի պարունակությունը: Պարզվել է, որ հիպերակտիվության ախտանիշով նախադպրոցական տարիքի երեխաների մոտ քրոմի, մագնիումի եւ ցինկի կոնցենտրացիան ցածր է, իսկ պնձի մակարդակը՝ բարձր, քան առողջ երեխաների մոտ: Բացառված չէ, որ հենց պնձի եւ ցինկի հարաբերակցության պակասն է կարեւոր դեր խաղում այդ ախտանիշի զարգացման համար:

Գիտնականները նաեւ մազերի սպեկտրալ հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել որոշակի ժամանակի ընթացքում միկրոտարրերի կոնցենտրացիայում փոփոխությունները: Պարզվել է, որ այդ ախտանիշով երեխաների մոտ կոբալտի, մարգանեցի, ցինկի եւ մագնիումի պարունակությունը նվազել է:

Այդ ամենը, գիտնականների խոսքով, ցույց է տալիս փոքր երեխաների բալանսավորված սննդի կարեւորությունը:  



© NEWS.am Medicine