Մեր հակածխախոտային պայքարի արդյունքում 400-ից ավել մարդ հրաժարվել է ծխելուց. Արուսիկ Մկրտչյան

15:45   15 հունվարի, 2020

Հակածխախոտային պայքարն իրոք ազդեցություն է ունենում մարդկանց թե մտածելակերպի, թե վարքի վրա։ Շատերը, տեղեկանալով ծխախոտի վտանգների մասին, թողնում են ծխելը։ Հայտնի դիջեյ, «Եղիր իրազեկ» ՀԿ-ի նախագահ Արուսիկ Մկրտչյանը, ով 2009 թվականից Հայաստանում հակածխախոտային արշավներ է կազմակերպում, ավելի քան 400 այդպիսի դեպք գիտի։

NEWS.am Medicine-ի թղթակցին Արուսիկ Մկրտչյանը պատմեց, որ քարոզչությունը եւ գրագետ տեղեկատվության տարածումը հակածխախոտային պայքարում շատ կարևոր դեր ունեն։

«Սկզբում համերգներին զուգահեռ իրականացնում էինք նաև հակածխախոտային արշավը: Այս նախաձեռնությանը միացան շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ: Հետո արդեն սեմինարներ էինք անցկացնում ԲՈՒՀ-երում, դպրոցներում, մանկապարտեզներում, մանկատներում և այլ հաստատություններում: Մենք դեռահասներին, երիտասարդներին ոչ թե բարդ տերմինների միջոցով էինք բացատրում, թե ինչ վնասակար ազդեցություն կարող է ունենալ ծխելը, այլ պարզ, մատչելի օրինակներով էինք ներկայացնում ծխելու վտանգները», - պատմեց Արուսիկ Մկրտչյանը:

2012 թվականից Արուսիկ Մկրտչյանը հակածխախոտային պայքարը շարունակել է նաև համացանցում: Ֆեյսբուքում գործող «No smoking Armenia» անունով էջը խորհրդատվություն է տրամադրում այն մարդկանց, ովքեր փորձում են հրաժարվել ծխելուց: Այս խմբում աշխատում են հակածխախոտային արշավի մասնակիցները, բժիշկ, հոգեբան, իսկ բարդ դեպքերում մարդկանց օգնում է հոգեբույժը:

Արուսիկ Մկրտչյանը հույս ունի, որ հետագա տարիներին ծխելուց հրաժարվել ցանկացող մարդկանց հատուկ տարածք կտրամադրվի, որտեղ մարդիկ խորհրդատվություն կստանան, անհրաժեշտության դեպքում նաև կբուժվեն:

Արուսիկ Մկրտչյանի խոսքով՝ ծխախոտի դեմ պայքարում շատ կարևոր են նաև սոցիալական հոլովակները, ցուցապաստառները:

«Վերջերս, օրինակ, Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ամենամեծ հակածխախոտային պայքարը իրականացվեց հենց պոստեռների, սոցիալական հոլովակների միջոցով, որի աշխատանքային խմբում ներառված էի նաև ես: Այս նախաձեռնությունները դրական ազդեցություն են ունենում մարդկանց գիտակցության վրա: Նրանք հասկանում են, որ իրավունք ունեն չենթարկվել երկրորդային ծխի, ուստի փակ տարածքներում ծխելու սահմանափակմանը ևս դրական են վերաբերվում», - ասաց Արուսիկ Մկրտչյանը:



© NEWS.am Medicine