Չզտված կաթ խմող երեխաներն ավելի հազվադեպ են ավելորդ քաշ հավաքում. հետազոտություն

09:51   16 հունվարի, 2020

Չզտված կաթ խմող երեխաները 39 տոկոսով ավելի հազվադեպ են ավելորդ քաշի խնդիրներ ունենում, քան նրանք, ովքեր անյուղ կաթ են խմում։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition ամսագրում։

Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան ներկայում խորհուրդ է տալիս 2 տարեկանից մեծ երեխաներին տալ ճարպի ցածր պարունակությամբ (1 տոկոս) կամ անյուղ կաթ։ Բայց, ըստ Տորոնտոյի համալսարանի մասնագետների նոր հետազոտության տվյալների, չզտված կաթը կարող է ավելի օգտակար լինել երեխաների նորմալ քաշի պահպանման համար, քան զտվածը։

Մասնագետներն ուսումնասիրել են 14 հետազոտություն, որոնց մասնակցել է մինչեւ 18 տարեկան 20 897 երեխա։ Երեխաների մի մասը խմել է չզտված կաթ (3,25 տոկոս յուղայնությամբ), մյուսները խմել են կաթ, որի մեջ յուղայնությունը 2 տոկոսից քիչ է եղել։

Պարզվել է, որ չզտված կաթ խմած երեխաների ավելորդ քաշի կամ ճարպակալման ռիսկը 39 տոկոսով ավելի ցածր է եղել այն երեխաների համեմատ, ովքեր խմել են ցածր յուղայնությամբ կամ անյուղ կաթ։ Ավելին, հետաքրքիր է, որ երեխաների ճարպակալման հնարավորությունը նվազել է սննդաբաժնում չզտված կաթի քանակությունն ավելացնելիս։

Հետազոտողների կարծիքով՝ այս հանելուկային երեւույթը կարելի է բացատրել նրանով, որ, գուցե, չզտված կաթ խմող երեխաներն ավելի քիչ կալորիաներ ստանում են այլ մթերքներից (հատկապես վնասակար)։ Բացի այդ, ընդունված է կարծել, որ կաթի յուղը մարդուն կուշտ լինելու զգացողություն է տալիս։

Բայց չի բացառվում, որ բանն ընդամենը այն է, որ այդ երեխաների մոտ ի սկզբանե քաշը մեծ չի եղել, եւ ծնողները միտումնավոր նրանց տվել են չզտված կաթ, որպեսզի նրանք մի փոքր քաշ հավաքեն։ Այս երեւույթը պարզելու համար պահանջվում են լրացուցիչ հետազոտություններ, հավաստիացնում են մասնագետները։



© NEWS.am Medicine