Գիտնականները գտել են մարդկանց ծերանալու 4 հիմնական տեսակ

18:25   17 հունվարի, 2020

Սթենֆորդի համալսարանի գիտնականները առանձնացրել են օրգանիզմի ծերանալու 4 կենսաբանական ճանապարհ։ Գիտնականների խոսքով՝ դեռեւս երիտասարդ տարիքում կարելի է որոշել, թե որ ճանապարհով է ծերանալու օրգանիզմը, եւ դա հնարավորություն կտա շտկումներ մտցնել կենսակերպում եւ նվազեցնել վաղաժամ ծերանալու ռիսկը։

Ինչպես պատմում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հետազոտության շրջանակում վերոնշյալ մասնագետները գրանցել են միկրոբների մակարդակներն ու կենսաբանական մոլեկուլները (սպիտակուցներ, մետաբոլիտներ եւ լիպիդներ) 29-75 տարեկան 106 առողջ կամավորների մոտ։ Նրանց հետաքրքրում էր այդ ցուցանիշների փոփոխությունը ժամանակի ընթացքում։ Ընդհանուր առմամբ, փորձագետները ելնում էին 10 343 գեների, արյան 306 սպիտակուցների, 722 մետաբոլիտների եւ 6909 տեսակ  միկրոբների մարկերներից։

Եվ այսպես, նրանց հաջողվել է առանձնացնել օրգանիզմի ծերանալու 4 կենսաբանական ճանապարհ՝ մետաբոլիկ (նյութախոխանակության խանգարում), իմունային (ցածր իմունիտետ), հեպատիկ (լյարդի աշխատանքի խանգարում) եւ նեֆրոտիկ (խնդիրներ երիկամների հետ կապված)։

Հետաքրքիր է, որ մի մարդու մոտ կարող է դրսեւորվել ծերանալու միանգամից մի քանի տեսակ։ Համաձայն այս կամ այն տեսակի՝ մարմնում սկսում է ավելանալ համապատասխան բիոմարկերների քանակը։

Ինչպես բացատրել են գիտնականները, մետաբոլիկ տեսակի դեպքում ծերանալուն զուգընթաց բարձրանում է դիաբետի ռիսկը, իսկ որպես մարկեր ծառայում է A1c հեմոգլոբինի բարձր մակարդակը։ Ծերանալու իմունային տեսակ ունեցող մարդկանց մոտ տարիքի հետ գրանցվում են բորբոքման ավելի բարձր մակարդակ եւ հիվանդությունների հակում՝ կապված իմունիտետի հետ։

Դեռ երիտասարդ տարիքից կարելի է որոշել, թե որ ճանապարհով կընթանա օրգանիզմի ծերացումը։ Գիտնականների խոսքով՝ դա հնարավորություն կտա շտկումներ մտցնել կենսակերպում՝ նվազեցնելով վաղաժամ մահվան ռիսկը։ Ինչպես ցույց են տվել փորձերը, կենսակերպը փոխելիս տեղի են ունեցել ծերացման պրոցեսի դանդաղում եւ ծերացման այդ տեսակի մարկերների մակարդակի իջեցում։



© NEWS.am Medicine