Անհավասարություն ամենուրեք. հարուստ մարդիկ ավելի երկար են առողջ ապրում, քան աղքատ մարդիկ

11:20   18 հունվարի, 2020

Հարուստ մարդկանց հաջողվում է պահպանել առողջությունն ու խուսափել հաշմանդամությունից միջինում 9 տարի ավելի երկար՝ ի տարբերություն աղքատների: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է The Journals of Gerontology-ում:

«Չափելով առողջ կյանքի ակնկալվող տեւողությունը՝ մենք կարող ենք ստանալ առողջ կամ առանց հաշմանդամության անցկացված տարիների քանակի գնահատականը»,- ասել է հետազոտության հեղինակ Պաոլա Զանինոտտոն՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի հասարակական առողջապահության հարցով մասնագետը:

Զանինոտտոն եւ նրա գործընկերները վերլուծել են 50 տարեկանից բարձր 25 557 մարդու տվյալները: Պարզվել է, որ հարստությունը կարելի է անվանել ամենանշանակալի սոցիալ-տնտեսական գործոն առողջ կյանքի տեւողությունը կանխատեսելու համար:

Հետազոտության տվյալներով՝ ամենահարուստ 50-ամյա տղամարդիկ կարող են ակնկալել կյանքի եւս 31 տարի առանց տարիքային խախտումների, իսկ ավելի քիչ ապահովվածները՝ 22-23 տարի: Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանց համար ակնկալվող կյանքի տեւողությունը կազմում է 33 եւ 24 տարի համապատասխանաբար:    



© NEWS.am Medicine