Ծխող մարդիկ դժվար են վերականգնվում կաթվածից հետո. հետազոտություն

13:00   18 հունվարի, 2020

Ծխող մարդիկ, ինչպես եւ նրանք, ովքեր բոլորովին վերջերս են թողել ծխելը, դժվար են վերականգնվում կաթվածից հետո: Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Stroke ամսագրում:

Ինչպես հայտնի է, ծխելը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մինչեւ կաթվածը ծխելն ազդում է նաեւ հետագա կյանքի որակի վրա: Երբեք չծխածների համեմատությամբ ծխողների մոտ կաթվածից հետո 29%-ով ավելի հաճախ է նկատվում օրգանիզմի ֆունկցիաների խախտում: Ինչպես նաեւ հետաքրքիր է, որ նրանց մոտ, ովքեր թողել են ծխելը մինչեւ կաթվածը 2 տարի առաջ կամ ավելի ուշ, կաթվածի հետեւանքով մահվան ռիսկն ավելի մեծ է, քան նրանց մոտ, ովքեր չեն ծխել:

«Ծխելը, հավանաբար, ամենակարեւոր մոդիֆիկացված գործոնն է, որը խոչընդոտում է կաթվածից հետո ֆունկցիոնալ վերականգնմանը: Պացիետները, մասնավորապես նրանք, ում մոտ մեծ է կաթվածի ռիսկը, պետք է անհապաղհրաժարվեն ծխելուց»,- ասել է Կյուսյու համալսարանից հետազոտող Տետսուրո Ագոն:

Շատ պացիենտների հաջողվում է լիովին կամ մասնակիորեն վերականգնվել կաթվածից հետո մի քանի ամսում: Սակայն ծխողների մոտ ֆիզիկական եւ հոգեբանական գործառույթների խախտումը երկար է պահպանվում, եւ նրանց համար դժվար է լինում սովորական խնդիրները կատարելը, օրինակ՝ ինքնուրույն հագնվել, լվացվել կամ քայլել: 



© NEWS.am Medicine