Չինաստանում նոր կորոնավիրուսի հետեւանքով երեք մարդ է մահացել

09:41   20 հունվարի, 2020

Չինաստանի Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) գրանցվել է նոր կորոնավիրուսի հետեւանքով մահվան արդեն երրորդ դեպքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով առողջապահության հարցերով քաղաքային կոմիտեի հաղորդագրությունը:

Վերջին տեղեկություններով՝ Ուհան քաղաքում գրանցվել է այս կորոնավիրուսով վարակման 198 դեպք, նրանցից 35-ը ծանր վիճակում են, եւս 9-ը՝ ծայրահեղ ծանր: Մնացյալ պացիենտների վիճակը կայուն է:

Նոր կորոնավիրուսը ծանր սուր շնչառական համախտանիշի (SARS) հարուցիչի ազգակիցն է: Այն առաջացնում է նախկինում անհայտ թոքաբորբ: Անցյալում կարծիք կար, որ այս կորոնավիրուսն այնքան էլ վտանգավոր չէ, ինչպես SARS-ի եւ MERS-ի հարուցիչները, սակայն հիմա բժիշկները պետք է վերանայեն իրենց տեսակետը:

Լոնդոնի Կայսերական քոլեջին առընթեր Ինֆեկցիոն հիվանդությունների գլոբալ վերլուծության կենտրոնի գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսի նոր տեսակով վարակվելու հնարավորությամբ մարդկանց պոտենցիալ թիվը կարող է կազմել ավելի քան 1500:



© NEWS.am Medicine