Գիտնականները թեսթավորում են նոր հակաբեղմնավորիչ գել, որն անհրաժեշտ է քսել ուսերին

23:45   20 հունվարի, 2020

Կանզասի համալսարանի գիտնականները փնտրում են կամավորների, որոնք կմասնակցեն տղամարդկանց հակաբեղմնավորման նոր մեթոդի հետազոտություններին։ Դա գել է, որն անհրաժեշտ է քսել ուսերին, ինչը կնվազեցնի սպերմատոզոիդների քանակը։

CBS Detroit-ը հայտնում է, որ հետազոտությանը մասնակցող կամավորներին 4000 դոլար կվճարվի։ Երկու տարվա ընթացքում ամեն օր տղամարդիկ պետք է գելն ուսերին քսեն։ Ընդ որում, զույգերը չպետք է օգտվեն հակաբեղմնավորման այլ միջոցներից, սակայն նաեւ չպլանավորված հղիության պետք է պատրաստ լինեն՝ չէ՞ որ դեռեւս հաստատված չէ, որ նոր գելը արդյունավետ կլինի։

Նշենք, որ Կանզասում հետազոտությունը գլոբալ փորձի մաս կդառնա, որի ժամանակ տարբեր երկրներից 420 զույգ կգնահատի գելի արդյունավետությունը։

NES/T պայմանական անվանումով գելի մասին դեռեւս քիչ բան է հայտնի, սակայն գիտնականները ենթադրում են, որ այն քաշի ավելացման, մկանների աճի, պզուկների առաջացման տեսքով կողմնակի ազդեցություններ կարող է ունենալ։

Տվյալ պահին հակաբեղմնավորիչներից տղամարդկանց հասանելի են միայն պահպանակները եւ սերմնային լարերը կապելու արմատական մեթոդը։ Եթե նոր միջոցը արդյունավետ լինի, այն կարող է գերազանց լուծում լինել նրանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն ուզում կամ չեն կարող պահպանակ օգտագործել, կամ արմատական վիրահատությունների ենթարկվել։

 



© NEWS.am Medicine