Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ չինական կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու համար

13:01   22 հունվարի, 2020

Նոր կորանավիրուս 2019-nCoV-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ամբողջական ցիկլը կտեւի նվազագույնը կես տարի, իսկ բուն դեղամիջոցի մշակումը՝ մինչեւ 3 ամիս: Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի Առողջապահության նախարարության Ռազմավարական ծրագրման կենտրոնի փոխտնօրեն Գերման Շիպուլինը:

«Իազվեստիա» պաբերականի հետ զրույցում նա նշել է, որ այդպիսի պատվաստանյութի մշակման համար զգալի ներդրումներ կպահանջվեն, բայց դա անհրաժեշտ քայլ է: Պատվաստանյութը կարող է դառնալ իսկական փրկություն, եթե պարզվի, որ վիրուսը մեծ մահացություն ունի, եւ եթե այն սկսի տարածվել Ռուսաստանում ու մյուս երկրներում:

Ընդ որում, նրա կարծիքով, պատվաստանյութ ստեղծելն այնքան էլ դժվար չի լինի, քանի որ վիրուսը կոնսերվատիվ է:

Այս պահին հայտնի է, որ 2019-nCoV կորոնավիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն: Վարակված մարդկանց մոտ նկատվում է բարձր ջերմություն, ուժասպառություն եւ հազ՝ մի փոքր խորխով:

Մասնագետների հաշվարկով՝ վարակված մարդկանց թիվը կարող է հասնել 1700-ի: Նոր կորոնավիրուսով վարակվածների մեծամասնությունը գրանցվել է չինական Ուհան քաղաքում: Մի քանի դեպքեր են գրանցվել Չինաստանի սահմաններից դուրս՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում եւ ԱՄՆ-ում: Վիրուսի հետեւանքով մահացել է արդեն 4 մարդ:



© NEWS.am Medicine