Իմունային բջիջների ռեցեպտորների նոր տեսակի հայտնագործումը կօգնի քաղցկեղի բուժման արդյունավետ մեթոդի մշակմանը

22:15   22 հունվարի, 2020

Քարդիֆի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները իմունային բջիջների ռեցեպտորների նոր տեսակ են հայտնաբերել: Այս հայտնագործությունը կարող է օգնել չարորակ ուռուցքների բուժման արդյունավետ մեթոդի մշակմանը:

Science Alert պարբերականը հայտնում է, որ գիտնականներն օգտվել են CRISPR-Cas9 համակարգից՝ MR1-ը հայտնաբերելու համար. իմունային Т բջիջներում Т բջջային ռեցեպտորի (TCR) նոր տեսակ: Այս ռեցեպտորը գործում է գրեթե ինչպես HLA-ն (մարդու լեյկոցիտար հակագեն) եւ կարող է ճանաչել քաղցկեղային բջիջները, բայց, ի տարբերություն HLA-ի, մարդկանց պոպուլյացիայում ուժեղ չի տարբերվում եւ ավելի շատ համապատասխանում է Т բջջային թերապիայում օգտագործելու համար:

Լաբորատոր պայմաններում մարդու բջիջների կուլտուրաների օգտագործմամբ MR1-ով Т լիմֆոցիտները արդյունավետորեն վերացրել են թոքերի, մաշկի, հաստ աղիքի, կրծքագեղձի, շագանակագեղձի, ոսկորների եւ ձվարանների քաղցկեղային բջիջները: Մկների մասնակցությամբ թեստերի արդյունքները, որոնց ներարկել էին MR1-ով լիմֆոցիտներ, ցույց են տվել, որ նոր թերապիան քաղցկեղի ռեմիսիա է առաջացնում եւ կրծողներին թույլ տալիս ավելի երկար ապրել, քան ապրել են հսկիչ խմբի կենդանիները:

Քանի որ բուժման նման մոտեցումը խոստումնալից է, գիտնականները հույս ունեն մարդկանց մասնակցությամբ կլինիկական փորձարկումները սկսել արդեն այս տարի: Դեռեւս դժվար է ասել, թե քաղցկեղի քանի տեսակ զգայուն կլինի նոր իմունաթերապիայի նկատմամբ:



© NEWS.am Medicine