Չինական կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 25-ի, բայց ԱՀԿ-ն առայժմ արտակարգ դրություն չի հայտարարում

11:12   24 հունվարի, 2020

Չինական 2019-nCov կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 25-ի, իսկ գրանցված դեպքերի թիվը՝ 830-ի։ Այս մասին տեղեկացնում է NY Times-ը՝ հղում կատարելով Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովին։

Մահվան 6 նոր եւ վարակվելու ավելի քան 200 դեպք է գրանցվել վերջին 24 ժամում։

Մի քանի ժամ առաջ երկրի իշխանությունները տեղեկացրել են վիրուսից մահվան առաջին դեպքի մասին բռնկման էպիկենտրոնից դուրս. մահացել է 80 տարեկան տղամարդ Հեբեյ նահանգում, որը մոտ 1000 կիլոմետր հեռու է Ուհան քաղաքից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու համար վիրուսի հետ կապված իրավիճակը, բայց երկօրյա բանակցությունների արդյունքում որոշվել է արտակարգ դրություն չհայտարարել, համենայնդեպս՝ հիմա։ ԱՀԿ փորձագետները մտադիր են նորից քննարկել իրավիճակն առաջիկայում։

Հիշեցնենք, որ 2019-nCov կորոնավիրուսից առաջացող հիվանդություն է հայտնաբերվել Չինաստանի մի քանի խոշոր քաղաքներում, ինչպես նաեւ Թաիլանդում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում եւ Սինգապուրում։ Որոշ մասնագետներ հավաստիացնում են, որ հիվանդությունը կարող է սպառնալիք ներկայացնել ամբողջ աշխարհի համար։



© NEWS.am Medicine