Քանի՞ բժիշկ է վարակվել Ուհանում նոր կորոնավիրուսով

18:40   24 հունվարի, 2020

Պաշտոնական աղբյուրները հաղորդում են չինական Ուհան քաղաքում 2019-nCoV կորոնավիրուսով վարակման 15 դեպքերի մասին: Սակայն իրականում այդ թիվն ավելի մեծ է, գրում է South China Morning Post-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:

Ուհանում թոքաբորբի բռնկման մասին սկսել են խոսել դեկտեմբերի վերջից, եւ միայն հունվարի 7-ին է հայտնի դարձել, որ թոքաբորբի պատճառը նոր անհայտ տեսակի կորոնավիրուսն է: Դրա փոխանցման ուղիների մասին այդ ժամանակ ոչինչ հայտնի չէր, եւ բժիշկները, որոնք աշխատել են   պացիենտների հետ, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել վարակից պաշտպանվելու համար:

Պարզվել է, որ քաղաքի հիվանդանոցներից մեկում վարակվել է միանգամից 14 բժիշկ: ԶԼՄ-ներում ենթադրություններ են հայտնվել, որ վարակված բժիշկների թիվն իրականում ավելի շատ է եղել:

Բժիշկներից մեկի խոսքով՝ «սկզբնապես շատ բուժաշխատողներ չեն իմացել մարդուց մարդուն վիրուսի հնարավոր փոխանցման մասին եւ նույնիսկ բավարար պաշտպանիչ միջոցներ չեն ունեցել»:

«Մենք մտահոգվում ենք մեր գործընկերների համար, որոնք վարակվել են, սակայն մենք այլընտրանք չունենք բացի մեր աշխատանքը շարունակելուց»,- ասել է նա:     

Ուհանում կա 14 հիվանդանոց, որոնք ունեն համապատասխան սարքավորումներ տվյալ հիվանդության դեմ պայքարի համար:

«Ուհանի գրեթե յուրաքանչյուր խոշոր հիվանդանոցում դուք կգտնեք վարակված բժշկի, եւ նրանց թիվը 15-ից ավելի է»,- ասել է բժիշկներից մեկը:

Չինացի բժիշկները հայտնում են, որ քաղաքը բավարար թվով բուժաշխատողներ եւ պաշտպանիչ միջոցներ չունի: Նման պայմաններում ավելի ու ավելի շատ բժիշկներ են վարակվում, եւ դա կարող է լուրջ խնդիրների հանգեցնել՝ մտավախություն են հայտնում մասնագետները:  



© NEWS.am Medicine