Չի կարելի պրոֆիլակտիկայի նպատակով հակասնկային դեղամիջոցներ ընդունել. մասնագետ

19:52   24 հունվարի, 2020

Չի կարելի պրոֆիլակտիկայի նպատակով հակաբիոտիկների հետ միասին հակասնկային դեղամիջոցներ ընդունել: Դա սխալ է եւ կարող է մի շարք խնդիրների հանգեցնել՝ զգուշացնում է համաճարակաբան Քրիստինա Գյուրջյանը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում մասնագետը նշեց, որ դեղամիջոցների սխալ եւ չարդարացված կիրառումը հանգեցնում է նրան, որ հարուցիչները դրա նկատմամբ կայուն են դառնում: Դա ակտուալ է եւ՛ հակաբիոտիկների, եւ՛ հակասնկային դեղամիջոցների համար:

«Չի կարելի միեւնույն դեղամիջոցը կիրառել եւ՛ պրոֆիլակտիկայի, եւ՛ սնկային վարակների բուժման համար: Եթե դրանից հետո մարդու մոտ սնկային հիվանդություն առաջանա, ապա այդ դեղամիջոցը կարող է այլեւս չգործել: Եվ մենք լուրջ խնդրի առաջ կկանգնենք, քանի որ մեր զինանոցում շատ քիչ են հակասնկային դեղամիջոցները, եւ եթե սնկերը դրանց դեմ կայուն դառնան, ապա մենք որեւէ դեղամիջոց չենք ունենա պացիենտներին բուժելու համար»,- պարզաբանեց մասնագետը:

Մասնագետը հավելեց, որ քչերին է ցուցված հակաբիոտիկների հետ միասին հակասնկային դեղամիջոցների պրոֆիլակտիկ ընդունումը: Հիմնականում դրանք իմունոդեֆիցիտով, լուրջ քրոնիկ հիվանդություններով պացիենտներն են, ինչպես նաեւ նրանք, ովքեր օրգանների փոխպատվաստում են կատարել: Մյուս բոլոր մարդկանց առանց լուրջ անհրաժեշտության հակասնկային դեղամիջոցներ ընդունել խորհուրդ չի տրվում:  

Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, շատերի մոտ սնկային հիվանդություններ չեն առաջանում հակաբիոտիկների ընդունման ֆոնին: Որոշ հետազոտությունների համաձայն՝ լուրջ սնկային բարդություններ կարող են զարգանալ 200 000-500 000 պացիենտներից մեկի մոտ: Դա նշանակում է, որ մնացած բոլորի մոտ խնդիրների պրոֆիլակտիկայի համար դեղամիջոցներ ընդունելու անհրաժեշտություն չկա: Իսկ եթե ինչ-որ մեկի մոտ այնուամենայնիվ սնկային բարդություններ հայտնվեն, ապա նրանք կարող են առանց հատուկ խնդիրների բուժվել՝ նույն դեղամիջոցը կիրառելով գրեթե նույն չափաբաժնով, որն ընդունված է օգտագործել «պրոֆիլակտիկայի» համար: 



© NEWS.am Medicine