Բնական յոգուրտը կարո՞ղ է պաշտպանել կրծքագեղձի քաղցկեղից

16:30   25 հունվարի, 2020

Լանքասթերի համալսարանի գիտնականները պարզել են, որ քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկի՝ կրծքագեղձի քաղցկեղի պատճառներից մեկը բակտերիաներն են, որոնք բորբոքում են առաջացնում: Որպես կանխարգելման հեշտ միջոց մասնագետները կանանց խորհուրդ են տալիս ամեն օր բնական յոգուրտ ուտել՝ առանց շաքարի եւ բուրավետիչների հավելման:

MedicalXpress-ը հայտնում է, որ հունական բնական յոգուրտը պարունակում է լակտոզան ֆերմենտացնող օգտակար բակտերիաներ, որոնք սովորաբար հանդիպում են կաթի մեջ եւ նման են բակտերիաներին, որոնք կարելի է հայտնաբերել կանանց կրծքագեղձերում կրծքով կերակրելու ժամանակ կամ կրծքով կերակրելուց հետո որոշակի ժամանակահատվածում: Կարծիք կա, որ այս բակտերիաները պաշտպանական հատկություններ ունեն, քանի որ կրծքով կերակրելը քաղցկեղի զարգացումը 4,3 տոկոսով նվազեցնում է:

Միանգամից մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ յոգուրտի գործածումը կապված է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականության նվազման հետ: Սա կարող է տեղի ունենալ այն պատճառով, որ վնասակար միկրոօրգանիզմներին դուրս են մղում օգտակար բակտերիաները: Ախտածին միկրոֆլորան թույներ է արտադրում, որոնք քրոնիկական բորբոքումներ են առաջացնում եւ չարորակ հիվանդությունների զարգացում, իսկ միկրոֆլորայի կարգավորումը պաշտպանում է այս բոլոր պրոցեսներից:



© NEWS.am Medicine