Չինական կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 80-ի, վիրուսը տարածվում է այլ երկրներում

09:47   27 հունվարի, 2020

Չինական կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 80-ի: Հաստատված 2744 դեպք է գրանցվել, որից 461-ով հիվանդները կրիտիկական վիճակում են, հայտնում է CNBC-ն:

Չինաստանում ամանորյա տոները երկարացրել են մինչեւ փետրվարի 2-ը, իսկ դպրոցական արձակուրդները՝ մինչեւ փետրվարի 17-ը՝ այն հույսով, որ վիրուսի տարածումը կդանդաղի:

Չնայած ձեռնարկած բոլոր միջոցներին, վիրուսը շարունակում է տարածվել աշխարհում: ABC News-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում հաստատել են այս վիրուսով վարակվելու արդեն հինգերորդ դեպքը:

Սինգապուրում նոր կորոնավիրուսն ախտորոշել են արդեն 4 մարդու մոտ, Հարավային Կորեայում՝ 3: Եվս 3 նոր դեպք է գրանցվել Թաիլանդում: Չորս դեպքի մասին են հայտնում Ավստրալիայի իշխանությունները, եւս 3 դեպք է գրանցվել Ֆրանսիայում:

Վիրուսը հայտնաբերվել է նաեւ Նեպալում, Թայվանում, Ճապոնիայում, Մալայզիայում եւ Վիետնամում:

Արեւմտյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ճապոնիան, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան պատրաստվում են հետ կանչել Չինաստանում իրենց հյուպատոսությունների աշխատակիցներին:



© NEWS.am Medicine