Ի՞նչ է արվում Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար

10:28   27 հունվարի, 2020

Չինաստանում արձանագրված նոր կորոնավիրուսի (2019-nCoV) դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը մշտական հսկողություն են իրականացնում Հայաստան ժամանողների նկատմամբ՝ օդային եւ ցամաքային սահմանը հատող բոլոր անձանց հանդեպ իրականացնելով ավտոմատ ստացիոնար ջերմաչափում եւ արտաքին զննում։

Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա են ջերմություն, ինչպես նաեւ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական այլ ախտանշաններ, նա մեկուսացվում է՝ անձնակազմի եւ մյուս ուղեւորների հետ շփումը սահմանափակելու նպատակով։ Վերցվում եւ արձանագրվում են նրա տվյալները՝ դրանք փոխանցելու տվյալ անձի գրանցման կամ բնակության վայրի պոլիկլինիկա՝ հետագա վարումն իրականացնելու նպատակով։

Սակայն այս քայլերը կարող են բավական չլինել՝ վիրուսի ներթափանցումը կանխելու համար, քանի որ, ըստ վերջին տվյալները, վիրուսով վարակված պացիենտները վարակիչ են նույնիսկ հիվանդության ինկուբացիոն շրջանում, այսինքն՝ մինչեւ ախտանիշների ի հայտ գալը։

Ձեռնարկվել են նաեւ իրազեկման մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում տեղադրվել են տեղեկատվական պաստառներ, որոնց միջոցով տեղեկացվում է նոր վիրուսի, դրանով չվարակվելու եւ դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու անհրաժեշտ քայլերի մասին։

Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.

Հիշեցնենք, որ հունվարի 23-ի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հայտարարել հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, քանի որ դեպքերն, ըստ կլինիկական բնորոշման, «մեղմ» են, տեղայնացման աշխատանքներն արդյունավետ են, և արտակարգ իրավիճակը դիտվում է միայն Չինաստանում։



© NEWS.am Medicine