ԱՀԿ-ն գնահատել է Չինաստանի գործողությունները կորոնավիրուսի դեմ պայքարում

11:03   28 հունվարի, 2020

2019-nCoV կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի ջանքերը ռեկորդային արդյունքներ են ունեցել: Այսպիսի գնահատական է տվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը:

«Բռնկման հենց սկզբից Չինաստանն անմիջապես հայտնաբերեց ախտածինը, դա ռեկորդային ժամանակ էր, ինչը թե՛ մենք, թե՛ միջազգային հանրությունը բարձր ենք գնահատում»,- Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպմանը հայտարարել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ ըստ վերջին տեղեկությունների՝ 2019-nCoV կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 106-ի, իսկ վարակվածների՝ ավելի քան 4500-ի:

Հիշեցնենք նաեւ, որ այս վիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է չինական Ուհան քաղաքում: Չինաստանից բացի, վարակման դեպքեր են գրանցվել Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրալիայում: Վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն: Դրա ախտանիշներն են՝ բարձր ջերմություն, ուժասպառություն եւ խորխով հազ:



© NEWS.am Medicine